▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չփրկիչը. պետությանը պետք է մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր որոշումների համար. Հովհաննես Ազոյանի ուշագրավ գրառումը

Դերասան Հովհաննես Ազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Չփրկիչը

«Ժամանակների պատուհասն էր այդ,
այդժամ կույրերին առաջնորդում էին երազանքին չհավատացողները»։
Հովհաննես Ազոյան, «Արքա Լիր»

Նա հայտնվեց 2008-ականներին, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա չգլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ չպարտվեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ չփրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։

Նա անսովոր քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը ( ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող քաղաքական գործչից դարձնելով նորահայտ Գլխավոր հրամանատար՝ Չփրկիչ Ազատիչ։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպել էին հասարակության սոսկ մի մասը՝ ամենապասիվն ու ամենաաննկատը։

Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ճիշտ, չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց չփրկել մեզ չարից։

Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Չփրկչից ժողովուրդն այլ բան էր ակնկալում։ Նա ակնկալում էր ինքնափրկություն ։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «ներցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ, որպեսզի ձեզ չփրկեմ ։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի ոչ գեղեցիկ թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան.Ոչ մի բան։ Եվ նորից բանաձևն աշխատեց։

Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ չփրկել, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան չկատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը, նա նորից առաջադրվեց։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։

Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.

-Չփրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը չի փրկել և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի Տատիկի խոսքեր, գրքեր, նրա մասին քաջ պատմություններ, նրան հավերժացնող կենացներ։

-Չփրկիչը երբեք ճիշտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա կա։ Չկասկածե՛ք։

-Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։

-Անձամբ չփրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ չփրկել։

-Չփրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք Կոտայքի Թագավորին, որին ուրիշ դրոշ ունենալու պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են չփրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Սյունաց թագավոր, նեմեց թագավոր)։

-Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության չի հասնում Չփկիչը :

-Չփրկիչը կարող է չվերացնել սոցիալական շերտեր ու չփոխել մարդկանց։ Նա չվերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում միշտ կար։ Իսկ նրանք, ովքեր նախկին օլիգարխ էին, եթե ընդունեին լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեին դառնալու «Նույն Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ բոլոր ժամանակների վերափոխված Սամվել Ալեքսանյանը։

-Չփրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Անարդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Այնժամ շատ էին խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ գաղջ մթնոլորտի։ Բայց դա չփրկչին չէր մտահոգում, նա քահ-քահ ծիծաղում էր. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, անարդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք է։ Այդպես է եղել։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէր։ Պետք է չփրկչի որոշում։

Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկիններին հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։

Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մեծ մասը հայտնաբերել է, որ նախկինները կան, ու հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Ու այդ հարցերի հասցեատերը նոր Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։

Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել կառավարիչ։ Ու այս անգամ՝ ոչ թե Փրկիչ կամ Ազատիչ այլ գոնե հասարակ կառավարիչ։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից է եկել, ապա նոր կառավարիչը ամբողջությամբ կլինի «դժբախտության» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։

Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող փրկիչ ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է բժիշկ-կառավարիչ))))։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։

Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:

Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին