▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադարեցրե՛ք մանկլավիկ Ադրբեջանի գործողությունները, եթե չեք ուզում, որ Կասպիցն արյան ծով դառնա

«Հայկական կողմը Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը հասկացնում է, որ եթե Ադրբեջանը կանգ չի առնի, ապա մենք չենք պատրաստվում նստել ու սպասել մինչև կհոշոտեն Արցախը: Եթե չեք ուզում, որ Բաքվում բազմաթիվ զոհեր լինեն ու Կասպից ծովը արյան ծով դառնա, ուրեմն հիմա դադարեցրե՛ք մանկլավիկ Ադրբեջանի գործողությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝  իրադարձությունների երկու սցենար գոյություն ունի.

«Առայժմ ռազմական գործողությունները ծավալվում են ղարաբաղյան ճակատում: Ադրբեջանը դա փորձում է ներկայացնել որպես հակաահաբեկչական գործողություն՝ սեփական երկրի տարածքում և դրա համար ակտիվ գործողություններ չի ձեռնարկում Նախիջևանի ու Տավուշի ուղղությամբ: Իրենք ակնկալում են, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի ՀՀ-ի վրա ու անձնատուր կլինենք: Եվ, եթե հիմա բոլոր կողմերին ուղղված զսպվածության կոչեր հնչեն, Ադրբեջանը ոգևորվելով իր անպատժելիությունից, կարող է ավելի առաջ անցնել: Այս խնդրի լուծման համար մի քանի ժամ կամ օր է պետք: Եթե կարողանանք զսպել, ապա լավ կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմը ահավոր կլինի: Պետք է Ալիևի ու վարչակազմի վրա զսպաշապիկ հագցնեն Մինսկի խումբը, Ռուսաստանը, Իրանը:

Մինսկի խումբը օպերատիվ պետք է արձագանքի ու նշի մեղավորին, և հզոր երկրները ճնշում պետք է գործադրեն Ադրբեջանի վրա, պետք չէ անիմաստ կոչը՝ հակամարտող կողմերին ուղղված: Այս կոչը եթե էլի անեն, մեկ ամիսը չլրացած՝ տարածաշրջանում 1 միլիոն փախստական կլինի ու կես միլիոն՝ սպանված մարդ»,-նկատեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը կարծում է, որ ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի և ճանաչի ԼՂՀ անկախությունը.

«Միասին պայքարենք, մինչև հաղթենք  ֆաշիստական Ադրբեջանին: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ղարբաղյան ճակատում դիմի ռազմական գործողությունների, ապա ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն: Ուստի պետք է կատարել այս քայլը, քանի որ պատերազմը վերսկսվել է ու դա միայն կույրը կարող է չտեսնել»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Հայկական Զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին