1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Սահակյանի գործի դատական քննությունը:
26-ամյա Ռոբերտին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության և ապօրինի կերպով սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով և 235 հոդվածի 4-րդ մասով:
«Օբոն» մականունով Ռոբերտը 6-ամյա կրթություն ունի, նախկինում 2 անգամ դատվել է, դատավածությունը մարված չէ:
Ըստ դատական ակտի՝ «Օբոնը» իր ծանոթ Սահակ Ա.-ի ու նրա կնոջ անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու, այդ հողի վրա Սահակի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով դիմել է մեկ այլ ծանոթի՝ Արթուրին, ու խնդրել է Սահակին հայտնել նրա ընտանիքի վերաբերյալ բամբասանքները ու վճռական գործողություններ պահանջել: Արթուրը չի ցանկացել նման բան անել:
2016 թվականի հունիսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում «Օբոնը» Հույսի ավան թաղամասում հանդիպել է Սահակին ու հրավիրել է առանձնազրույցի՝ անտեսելով Սահակի պահանջը՝ չխառնվել իր ընտանեկան կյանքին:
Ռոբերտ Սահակյանը՝ «Օբոնը», արհամարհական տոնով է խոսել Սահակի հետ, բայց վերջինս նորից պնդել է, որ նա չխառնվի իր ընտանեկան գործերին:
Ռոբերտը չհանգստանալով՝ նույն զրույցը շարունակել է Սահակի եղբոր՝ Անդրանիկի հետ, ապա վիճաբանության մեջ է մտել Սահակի ու Անդրանիկի հետ:
Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Ռոբերտը շարունակել է խուլիգանական վարքագիծը, հանել է իր մոտ պահած սվին-դանակը և մի քանի անգամ փորձել է սվին-դանակով հարվածել Սահակին, բայց վերջինս կարողացել է հարվածներից խույս տալ:
Այդ ժամանակ եղբայրներին օգնելու մտադրությամբ հետևից Ռոբերտին է մոտեցել Սահակի ու Անդրանիկի կրտսեր եղբայր Հայկը, ում 16 տարին բոլորել էր օրեր առաջ:
Ռոբերտը անսպասելի շրջվել է դեպի մոտեցող Հայկը և սվին-դանակով հարվածել է Հայկի սրտի շրջանին: Ստացած վնասվածքից Հայկը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
Բայց Հայկին հարվածելով՝ Ռոբերտը չի հանգստացել:
Ըստ դատական ակտի՝ Անդրանիկը, տեսնելով, որ Հայկը տապալվեց գետնին, փորձել է պաշտպանել եղբորը, բայց Ռոբերտը սվին-դանակով հարվածել է Անդրանիկին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս՝ ձախ վերանրակային շրջանի ծակած-կտրած վերքի ձևով, որը թափանցում էր պլևրալ խոռոչ:
Ամբաստանյալ Ռոբերտ Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով:
Ռոբերտը հայտնել է, թե նորմալ հարաբերությունների մեջ է եղել Սահակի ու նրա եղբայրների հետ: Ավելի մտերիմ է եղել եղբայրներից՝ Արմենի հետ, սակայն Արմենը մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում