▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դանակային ինթիֆադայի» հետևանքներն Իսրայելում

Պաշտոնապես սեպտեմբերի վերջին օրվանից արդեն շուրջ 25 օր Իսրայելում շարունակվող «դանակային ինթիֆադայի» ընթացքում (Ինթիֆադա՝ արաբերենից թարգմանաբար՝ ապստամբություն: Պաղեստինցիների նախորդ երկու ապստամբությունները տեղի են ունեցել 1987 և 2000 թվականներին) արդեն իսկ զոհվել է 10 հրեա (ևս մեկն էլ ոստիկանության աշխատակիցների կողմից սպանվել է սխալմամբ), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել շուրջ 120 մարդ:
Բացի մարդկային կորուստներից, երկիրը կրում է նաև լուրջ տնտեսական կորուստներ: Բանն այն է, որ Հրեական պետության գրեթե ամբողջ տարածքում խաղաղ բնակչության շրջանում նկատվում է տեղաշարժերի, տնտեսական ակտիվության խիստ սահմանափակում, քանի որ պաղեստինցիների նոր «ապստամբությունն» իրենից ենթադրում է դանակներով, մկրատներով, պտուտակահանիչներով և այլ ծակող-կտրող միջոցներով հարձակումներ հրեաների վրա Իսրայելի գրեթե բոլոր, բայց հատկապես՝ արաբներով բնակեցված շրջանների փողոցներում, խանութներում, կանգառներում, հասարակական տրանսպորտում, բոլոր մարդաշատ վայրերում:
Այս համատեքստում Իսրայելի տարբեր քաղաքներում սպասարկման ոլորտում անցած 3 շաբաթների ընթացքում գրանցվել է էական անկում: Մասնավորապես, առևտրի կենտրոններում առևտուրը նվազել է 11.3%-13,4%, վերջին օրերի ընթացքում որոշ քաղաքներում նաև՝ 21,5%. Երուսաղեմի իսկ ռեստորանային բիզնեսում՝ անկումը կազմել է 30%-70%. վերոնշյալի հետևանքով խնդիրներ են առաջացել նաև իսրայելական աշխատաշուկայում:
Թեման լայն արձագանք է ստացել միջազգային հարթակում: Դրան անդրադարձել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մերձավորարևելյան և եվրոպական մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Մինչդեռ խնդրի լուծումը բավականաչափ բարդ է, քանի որ հարձակումները կազմակերպված չեն որևէ կառույցի կամ խմբավորման կողմից, կրում են անհատական, հախուռն բնույթ՝ այդպիսով խոչընդոտելով դրանց կանխման հնարավորությունը:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին