Սիդնեյում 1997 թվականին մահից առաջ Մանուել Քըրքյաշարյանը մի ձայնագրություն է թողել, որում պատմում է 1924-1925 թթ. տեղի ունեցած դեպքի մասին: Նա նշում է, որ 1925-ին, երբ Հալեպում սովորում էր արհետսագործական ավտոտնակներից մեկում, մի բեռնատար է գալիս, որի ծածկոցից զգացվում է, որ մեքենան շատ են բեռնել: Քըրքյաշարյանի հարցերին, թե արդյոք շատ չեն բեռնել մեքենան, պատասխանում են, որ շատ է թվում, բայց իրականում բեռը թեթև է: Իսկ երբ Քըրքյաշարյանը հետաքրքրվել է, թե այդ ինչ բեռ է, նրան տեղեկացրել են, որ դրանք Դեր Զորի անապատներ քշված ու սպանված հայ գաղթականների ոսկորներն են: Իսկ այժմ Եվրոպայից ինչ-որ ընկերություն գնել է այդ ոսկորները, կազմակերպվում է դրանց տեղափոխումն Իսքենդերունի նավահանգիստ, այնտեղից էլ` շոգենավով դեպի Եվրոպա: Քըրքյաշարյանը պատմել է, որ երկու անգամ ականատես է եղել նման դեպքի: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.
Այս մասին «T24» լրատվականի իր սյունյակում գրում է թուրք գրող, հրատարակախոս Բասքըն Օրալը՝ ընդգծելով, որ սկզբում չի հասկացել այդ պատմությունը, այդ պատճառով էլ այն ուշադրության չի արժանացրել: Իր իսկ բնորոշմամբ` այնքան զզվելի տհաճ դեպք է, որ չի կարողացել նույնիսկ հավատալ: Սակայն Քըրքյաշարյանի պատմության մեջ երկու հանգամանք Օրանին ստիպել է մտածել. նախ այն, որ ասում է 2 անգամ է այդպիսի բան տեսել և այն, որ իսկապես չորացած կմախքը ծավալով մեծ է լինում, իսկ քաշով՝ թեթև:
Բասքըն Օրանը մեկ ամիս առաջ Devrimcikaradeniz.com կայքում նմանատիպ մի տեղեկության է հանդիպում: Նա դեպքերի հետագա զարգացումը գտնում է հույն պատմաբան Վլասիս Ագտիզիսի գրքում, որը հիմնվում է ֆրանսիական և անգլիական թերթերի տեղեկությունների վրա:
1924 թվականի դեկտեմբերի 13-ին Մուդանիայից Մարսել շարժվող նավը մտնում է Սալոնիկ: Նավի բեռը համապատասխան փաստաթղթեր չի ունենում, իսկ բեռնակիրները նկատում են, որ խորհրդավոր բեռն իրենից մարդու կմախքոսկրների զանգված է ներկայացնում: Համապատասխան ծառայությունները միջամտում են, սակայն վերնախավից եկած հրամանից հետո նավը բաց են թողնում:
«Նյու Յորք թայմս» թերթի 23.12.1914 թվականի համարում տեղեկություն կա այն մասին, որ Մարսելի նավահագիստ է մտել «Զան» անգլիական նավը , որը 400 տոննա մարդկային ոսկորներ է տեղափոխում: Ըստ տեղեկությունների՝ բեռը բեռնվել էր Մարմարա ծովի Մուդանիա նավահանգստից և Փոքր Ասիայի կոտորածների զոհերի ոսկորներն են: Նմանատիպ մի տեղեկություն էլ Մարսելում լույս տեսնող Միդի թերթի 24.12.1924 թվականի համարում է հայտնվել, որտեղ նշված է, որ այդ բեռը Թուրքիայում և Փոքր Ասիայում իրականացված հայերի կոտորածների վայրերից են հավաքել:
Օրանը վստահաբար եզրակացնում է, որ Մարմարայից հույների, իսկ Սիրիայից հայերի ոսկորներ են տարել, քանի որ երկու տեղում ել մուսուլմաններին պատկանող «եղբայրական գերեզմաններ» չկան: Փորձելով հասկանալ, թե արդյունաբերության մեջ մարդու ոսկորներից ինչ կարելի ստանալ` Օրանը դիմում է բժիշկ ընկերոջը, ով էլ բացահայտում է, որ այդ ժամանակաշրջանում սոսինձ, ժելատին, ակնոցի շրջանակ, ինչպես նաև անասնակեր էին պատրաստում հենց մարդու ոսկորներից: Այս ոսկորները եվրոպացի արտադրողի համար էժան գնով «հումք» է եղել:
Հոդվածագիրը մեկ բան հաստատապես ընդգծում է, որ այդ «ոսկորների արտադրողները» իթթիհադականներն (երիտթուրքեր) էին, իսկ գնորդերը` եվրոպացիները` մեջերելով Քըրքյաշարյանի խոսքերը. «Ահա, եվրոպացիները հայերին որպես գործիք օգտագործեցին, նրանց կյանքը և ոսկորները անգամ գնեցին և իրենց շահերի համար օգտագործեցին»: Հոդվածի հեղինակը նաև ընդգծում է, որ Թուրքիայի ներկայիս ազգայնական ուժերի արմատները գալիս են երիտթուրքերից և ակնհայտորեն ընդհանուր նմանություններ ունեն: