Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է դերասան, արդեն նաեւ քանդակագործ Գարիկ Հովհաննիսյանը, ով հեռուստադիտողի շրջանում հայտնի դարձավ «Կյանքի կարուսել» հեռուստանախագծից: Մեզ հետ զրույցում դերասանը պատմել է դերասանական արվեստի հետ մեկտեղ նոր հետաքրքրությունների մասին:
Արդեն որքան ժամանակ է,ինչ կարծես հեռացել եք հեռուստաէկրաններից, ի՞նչն է պատճառը,որոշել եք դերասանական արվեստով այլեւս չզբաղվե՞լ:
-Չէ, լրիվ հակառակը. Նախ, մի ճշտում՝ արվեստով զբաղվելը՝ լինի դերասանական, թե այլ, բարբարոսություն է հենց արվեստի նկատմամբ, քանի որ որևէ զբաղմունք իր մեջ ունի շերտեր: Իսկ արվեստի խնդիրը վստահ եմ՝ այլ է: Մտքեր կան նոր՝ բեմական գործ սկսելու, դեռ խմորման-հասունացման ընթացքում է:
Այն մարդիկ,ովքեր ունեն դերասանի մասնագիտությունը հաճախ են հետեւյալ նախադասությունն ասում՝ «Ընտրելով այս մասնագիտությունը՝ մենք անբուժելի հիվանդությամբ ենք վարակվել, որից ազատվելն անհնար է»,կարելի՞ է ենթադրել, որ դուք չեք կիսում այս կարծիքը, թե Ձեր սերը այդ մասնագիտության հանդեպ այդքան մեծ չէ:
-Մասնագիտությունն ինչ է՞. Որևէ գործի-գործողության կիրառմանը, գործիքներին, տեխնիկական մասին ծանոթանալն ու հմտանալը, չէ՞: Տեսություն և դրա կիրառման կարողություն: Այսինքն, բեմական խոսքը, բեմական կեցվածքը և շարժումը դեռ հոգեվիճակ չէ, այլ վարպետության առկայություն կամ բացակայություն, ուրեմն, ըստ իս, դրանով չես կարող վարակվել և, որ ամենակարևորն է, վարակել: Ինչ վերաբերում է սիրուն, ես առհասարակ ոչ մի մասնագիտություն չեմ սիրում, որովհետև, սիրելն ինֆորմացիայի կուտակում չէ, այլ ապրելու եղանակ: Հենց հիմա, ինչ որ անում եմ, անում եմ սիրով ու սրա մեջ նաև իր գործոնն ունի իմ պատկերացրած, ինձ անկեղծացնող բեմական արվեստը:
Այո, այս պահին կրկին արվեստի մեջ եք,այս անգամ քանդակագործություն, հետաքրքիր է՝ ինչպե՞ս արվեստի այդ ճյուղը«գողացավ»Ձեզ դերասանական արվեստից:
-Քանդակագործությունն ինձ ավելի շուտ է հետաքրքրել, մինչև հեռուստատեսություն ու թատրոնը: Մոտ տասը տարի առաջ, երբ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող էի, կարդացի Օգյուստ Ռոդենի կյանքը ու երազեցի դուրս գալ բժշկականից, գնալ քանդակ սովորելու. Մի խոսքով, քանի որ դա երազանք էր, ոչ թե որոշում, մնաց շատ ներսումս ու դուրս եկավ միայն մի քանի տարի անց, երբ կավ խնդրեցի կնոջս եղբորից, ով քանդագործ է, տվեց, ես էլ տանը մենակ էի, վերցրեցի, սկսեցի տրորել ու մի դիմաքանդակ ստացվեց: Հետո մասնակցեցի քանդակի հանրապետական ցուցահանդեսին ու շատ սահուն անցում եղավ դեպի խաչքար, որը մինչ այդ երբեք իմ հետաքրքրությունների շրջանակում չէր եղել: Վարպետս Վարազդատ Համբարձումյանն է, ում արվեստանոցում այ էն ասածդ մասնագիտական գիտելիքները ստացա (ու դեռ ստանում եմ) ու բացի այդ գիտելիքներից, ներքին լուրջ վերադասվորումներ ունեցա՝ հոգևոր մտածողության իմաստով:Հիմա, ինձ ավելի հետաքրքրում է խաչի քանդակային արտահայտումը, կերպը, որպես կերպար, շարժում ու ծավալ. Այսինքն, սա մի բան է, որն անընդհատ զարգանում է, մի ձևից փոխվում մյուսը, բայց մի բան նույնն է՝ դու էլի էներգիադ ես խտացնում ու փորձում նյութականացնել:
Գիտեմ նաեւ,որ այս շրջանում բավականին լուրջ աշխատանքներ եք տանում կապված Ուրցաձորում քանդակային արվեստը զարգացնելու հետ, մի փոքր կպատմե՞ք:
-Ուրցաձորը ծննդավայրս է: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ իմացա ՓՄՁ ԶԱԿԻ և Վեդու զբաղվածության կենտրոնի համատեղ ծրագրի մասին, որը դրամաշնորհ էր տրամադրում սկսնակ ձռներեցներին: Միտք առաջացավ ներկայացնել, այսպես ասած, մշակութային բիզնես նախագիծ, որի գաղափարն էր շուկային առաջարկել ոչ թե մշակույթ, որը կարելի է վաճառել, այլ ապրանք, որը վաճառելով ինքնաբերաբար ներկայացնում ես մշակույթ և տվյալ ապրանքի մշակութային պատմությունը՝ կլինի դա հուշանվեր, հարիսա, թե մածուն, նշանակություն չի: Սա, այսպես ասած, գաղափարական հենքն էր: Դրամաշնորհային ծրագիր քանի որ աահովում էր աշխատանքային գործիքներով, որոշեցի սկսել հուշանվերային չափի քանդակներից ու խաչքարերից, որի հիման վրա էլ ձևավորվում է Վարազդատ Համբարձումյանի խաչքարվեստի դպրոցը: Իսկ ընդհանուր ծրագիրը «Արօր» մշակութային կենտրոն-տուն արվեստանոցն է, որտեղ գործելու են մի քանի արվեստանոցներ ևս: Արդեն կա հետաքրքրություն, սովորելու, աշխատելու. Իհարկե, սա կայանալու համար երկար ճանապարհ ունի անցնելու, բայց կարևորը մեկնարկը տրված է հավատով:
Գարիկ,ասում են, թե մտածողությամբ, տեսակով եւ առհասարակ աշխարհընկալմամբ շատ են տարբեր քաղաքի եւ գյուղերի մարդիկ, չգիտեմ, որքանով է ճիշտ այդպես բնորշելը, բայց ասում են, թե գյուղերում մարդկանց մեջ դեռեւս հաղթում է պարզությունը, ինչը միշտ չէ, որ քաղաքում կհանդիպես, կցանկանայի իմանալ Ձեր կարցիքն այդ առումով:
-Չէ, շատ տարբեր չեն. ինֆորմացիայի տիրապետման հարց է ընդամենը, կենցաղային պայմանների տարբերության, որը ժամանակի ընթացքում ձևավորում է վարվեցողություն, տրամադրություն և այլն: Գյուղի հիմնական առանձնահատկությունը հարաբերությունների իմաստով այն է, որ համարյա բոլորն իրար գիտեն, հեռու ու մոտ բարեկամ են, համեմատած՝ ավելի զիջող են: Ինձ ավելի շատ մտահոգում է ոչ թե համեմատելու ու տարբերություններ փնտրելու հարցը, այլ որևէ բնակավայրի բնականոն զարգացման բացակայությունը, դեմոգրաֆիկ պատկերների խախտումը: Սրանից էլ առաջանում այդ հարցը, որը տալիս ես:
Գիտեմ,որ Ձեր կինն էլ է մասնագիտությամբ դերասանուհի, բայց կրկին չի աշխատում իր մասնագիտությամբ, հետաքրքիր է՝ նա ինչո՞վ է զբաղված:
-Կյանքով, մայրությամբ, երազելով, գրելով. Նոր ամսագրի նախապատրաստման աշխատանքներով:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում