▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմելու եմ Նախագահական կոմիտե՝ քննելու Պեդրո Ագրամունտի վարքը և գործողությունների օրինականությունը

 

Դեմոկրատիայի բնօրրան ԵԽԽՎ-ն սահմանափակում է իմ խոսքի ազատությունը, և ես անպայման դիմելու եմ Նախագահական կոմիտե՝ քննելու Պեդրո Ագրամունտի վարքը և գործողությունների օրինականությունը։

Այսօր սկանդալային միջադեպ գրանցվեց ԵԽԽՎ նիստում, երբ ազատ դեբատների շրջանակում իմ ելույթը, մեղմ ասած, դուր չեկավ ԵԽԽՎ նախագահ, տխրահռչակ Պեդրո Ագրամունտին, ով հայտնի է Ադրբեջանի հանդեպ տածվող իր անթաքույց սիրով։ Լսելով կաշառակերության մեջ մեղադրվող իր ընկերոջ՝ ադրբեջանամետ լոբբիստ Լուկա Վոլոնտեի անունը, նա 2 անգամ ապօրինի կերպով ընդհատեց ելույթս, խախտելով ԵԽԽՎ Կանոնակարգը։ Արժանի պատասխան տալուց հետո ես կրկին սկսեցի խոսել նույն թեմայով, և կրկին այս Պեդրոն ինձ ընդհատեց, թե իբր հետաքննությունը դեռ չի ավարտվել, այս մասին չի կարելի խոսել։ Ես կրկին պնդեցի, որ իմ իրավունքն է կիսել մտահոգություններս գործընկերներիս հետ, անկախ այն բանից, թե դա բոլորին դուր է գալիս թե ոչ։ Ի վերջո ես շարունակեցի ելույթս և ժամանակի կորստի պատճառով ստիպված եղա մի որոշակի հատված բաց թողնել։ 
Իմ ելույթից հետո նույն ճակատագրին արժանացավ նաև տիկին Նաիրա Զոհրաբյանի ելույթը։

Ուզում եմ ձեզ դատին ներկայացնել ելույթս (աստղանիշերի արանքում բաց թողնված մասն է)։

Հարգելի գործընկերներ,
Նախ ուզում եմ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջս ելույթին, որում նա հանդգնորեն մեղադրում էր Հայաստանին՝ հանցագործ իշխանությունների կողմից իրականացված մի շարք ապօրինությունների մեջ, այդ թվում և ՏԻՄ ընտրությունների։ Իհարկե, Ադրբեջանն՝ իր նախագահի հետ միասին, լինելով հանցագործ իշխանության կատարյալ փորձագետ, լավ կաներ այստեղ խոսեր ոչ թե Հայաստանի, այլ սեփական երկրի մասին, իրենց այսպես կոչված հանրաքվեի և այլ ապօրինությունների և վայրագությունների մասին։

Ես կցանկանայի այսօր այստեղ կիսվել ձեզ հետ մի ահազանգող իրավիճակով, որը վստահաբար ստվեր է գցում ամբողջ Վեհաժողովի վրա և կրկին գլխավոր դերում Ադրբեջանն է։

Այն վերաբերում է մեր նախկին գործընկեր, իմ քաղաքական խմբի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին։ Այս մասին մամուլում շրջանարվում են շատ մտահոգիչ լուրեր։ Միլանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նախկին ղեկավար Վոլոնտեն մեղադրվում է փողերի լվացման և կաշառակերության մեջ, որ ստացել է 2.390 000 եվրո Ադրբեջանի կառավարության կողմից։ Նա ուղղորդել է ԵԺԿ քաղաքական խմբի ձայները՝ Ադրբեջանի 85 քաղաքական բանտարկյալների մասին ԵԽԽՎ զեկույցը տապալելու համար։

***2013 թ հունվարի 3-ին ԵԽԽՎ-ն մերժեց Շտրասսերի այս զեկույցը, 79 կողմ և 128 դեմ ձայներով։ Ադրբեջանին հաճո այս քվեարկությունը ԵԽԽՎ այնժամանակյա ԵԺԿ խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեին տրված բազմամիլիոնանոց կաշառքի արդյունքն է, որը տրվել է աջակցելու «օտար երկրի քաղաքական դիրքորոշումներին»։

Այս նպատակին հասնելու համար Վոլոնտեն «հանդես է եկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ մարտավարության նախաձեռնություններով, որպեսզի իր ղեկավարած քաղաքական խմբի գործունեությունը կարողանա ծառայեցնել ու ուղղել Ադրբեջանի բացառիկ հետաքրքրությունների պաշտպանություն ուղով։ Սա ԵԽԽՎ Կանոնագրության 5-րդ հոդվածի խախտում է, որը սահմանում է ԵԽԽՎ պատգամավորի «անաչառ, անկեղծ և ազնիվ լինելու պարտականությունը»։ 
Միլանի դատախազությունը մեղադրում է Վոլոնտեին «իր և երրորդ կողմի համար նախատեսված» կաշառք վերցնելու մեջ։ ***

Այս նորությունից հետո, կարծում եմ, ողջ Վեհաժողովը պետք է ցնցված լինի։ Իրականում, ԵԽԽՎ-ում կաշառքների, կոռուպցիայի և հակալոբբինգի թեման շարունակաբար արծարծվում է։ Դրա մասին բազմիցս իրենց ելույթներում բարձրաձայնել են մեր գործընկերները՝ նշելով մեր որոշ գործընկերների որոշակի դեպքեր։ Այս մասին նաև շատուշատ է խոսվում մասնավոր զրույցների ընթացքում։

Սակայն սա բացառապես այլ դեպք է. Միլանի դատախազությունն ունի կոնկրետ փաստեր։ Կաշառակերության հոտը տարածվել է ԵԽԽՎ-ում և դարձել ռեալ ու իրական, և Վեհաժողովի բարի համբավն ու իրական հիմնանպատակը պահպանելու համար մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը և կասեցնենք կաշառակերության և հակալոբբինգի ցանկացած քայլ և դրսևորում։

Այս ամենը հաստատում է մեր Վեհաժողովում
ներկայումս մեր գործընկեր Յան Լիդդել-Գրեյների կողմից պատրաստվող և ԵԽԽՎ անդամների աշխատանքների թափանցիկությանը և հաշվետվության հասանելիության խթանմանն և ուժեղացմանը վերաբերող զեկույցի կարևորությունն ու անհրաժեշտությունը։

ԵԽԽՎ-ն, պարոն նախագահ, պետք է կտրականապես մերժի և վերջ դնի այստեղ տիրող կաշառակերության զգացումին։
 

 

Նաիրա Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին