Հին հույն մտածող, կինիկյան դպրոցի ներկայացուցիչ Դիոգենես Սինոպացու կերպարն ու վարքագիծը ոչ միանշանակ գնահատականների են արժանացել և արժանանում: Շատերի համար Դիոգենեսը գռեհկաբարո, ինքնահավան և լկտիությամբ աչքի ընկող անձնավորություն է: Իրականում այս տեսակետի կողմնակիցները որոշակիորեն արդարացի են, քանի որ Դիոգենեսի վարքագծում նման երևույթներ իսկապես եղել են: Սակայն խնդիրն այն է, թե ինչն է եղել Դիոգենեսի համար նման վարքագիծ դրսևորելու շարժառիթը և արդյոք դա նշանակում էր, թե հույն մտածողը բոլորին կոչ էր անում, օրինակ, սեփական պահանջմունքները բավարարել ի տես բոլորին, թքել մարդկանց երեսին, օրը ցերեկով լապտերը ձեռքին դուրս գալ մարդաշատ վայր մարդ ման գալու և այլն: Այս հարցերը չանտեսելու պարագայում է, որ հնարավոր կլինի որոշակիորեն հասկանալ հույն մտածողին:
Բանն այն է, որ Դիոգենեսի համոզմամբ մարդիկ ապրում են դիմակավորված, նրանք անգամ ազատության մեջ են անազատ և ավելի շուտ ներկայանում են, քան անկեղծորեն ինքնադրսևորվում: Ժամանակակից լեզվով ասած՝ ավելի շուտ ներկայանում են որպես քաղաքակրթական, այլ ոչ մշակութային էակներ: Քաղաքակրթական էակը հետևում է որոշակի նորմերի՝ չլինելով դրանց կրողը, իսկ մշակութային մարդը հետևում է այն արժեքներին, որոնց կրողն է: Դիոգենեսը չէր ասում արեք այն, ինչ ես եմ անում, նա պարզապես ցանկանում էր ցույց տալ, որ մարդ ի զորու է ապրել առանց դիմակների: Պատահական չէ, որ մի առիթով նա ասում է. «Ես նմանվում են երգի ուսուցչի, ով արհեստականորեն իր ձայնը բարձրացնում է, որպեսզի աշակերտին ցույց տա, թե ինչպես պետք է երգել»:
Ուշագրավ է նաև այն, որ հին հույն մտածողի կերպարով խորապես տպավորված է եղել նաև Արիստոտելի աշակերտ Ալեքսանդր Մակեդոնացին, ով ստիպված է լինում գնալ տեսակցելու Դիոգենեսին այն բանից հետո, երբ վերջինս չի արձագանքում Մակեդոնացու հետ հանդիպելու հրավերքին: Հանդիպման ժամանակ թափառականի կյանքով ապրող և աղքատությունը հարստությունից գերադասած Դիոգենեսը մնում է անդրդվելի Մակեդոնացու հեղինակության և մեծության առջև՝ վերջինիս խորհուրդ տալով մի կողմ քաշվել ու իր բաժին «արևից» չզրկել (այն բանից հետո, երբ Մակեդոնացին հարցնում է, թե ինչ է Դիոգենեսը ցանկանում, որ իր համար կատարի մեծ զորավարը): Հատկանշական է, որ իր և Դիոգենեսի կարճատև հանդիպումից հետո Մակեդոնացին հետևյալ միտքն է արտահայտում. «Եթե ես չլինեի Ալեքսանդր Մակեդոնացին, ապա կցանկանայի լինել Դիոգենես Սինոպացին»:
Դիոգենես Սինոպացի. հետաքրքիր փաստեր փիլիսոփաների մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet