▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամահավաք անեմ, տանեմ տամ հարկայինի՞ն. «Շիրակ կենտրոն»-ը ՊԵԿ-ից նոր նամակ է ստացել

Newsbook.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ «Շիրակ կենտրոն»-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից գրություն էր ստացել, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոն»-ից եկամտային հարկ չի պահվել: Ավելի վաղ մեզ հետ զրույցում կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը հայտնել էր, որ խոսքը 5 միլիոն դրամի մասին է: Գրությունը ստանալուց հետո գրավոր նամակներով «Շիրակ կենտրոն»-ը դիմել էր Սերժ Սարգսյանին, ՊԵԿ-ի նախագահին, ինչպես նաև Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգող հանձնաժողովի նախագահին և առաջին փուլի համար խնդրել բարեգործական ճանաչել ծրագիրը և այդ բեռը հանել «Շիրակ կենտրոն»-ի վրայից:

Այս ընթացքում «Շիրակ կենտրոն»-ը հստակ որևէ պատասխան չի ստացել:

«Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետի կողմից մի նոր նամակ ենք ստացել, որտեղ երկար բացատրել են հարկային օրենքները և կրկին պահանջել են եկամտահարակը: Վերջում ասվում է, որ երեք ամիսների ընթացքում մոտ 50 միլիոն դրամի բնակարանների գործարք ենք կատարել և գրված է, որ 8 բնակարանի համար պետք է վճարումներ անենք: Մեծ հաշվով՝ արձագանքը հետևյալն է՝ ավելի մանրամասն են պահանջել այդ գումարները: Խառը բացատրել են՝ ընդհուպ մինչև համեմատություն անցկացրել կազինոներում գումար շահելու հետ: «Բարեգործական նպատակով» ասվածի վերաբերյալ որևէ գրառում չկա: Նշել են, որ ձեռնարկատիրակական գործունեության արդյունքն են ստացված եկամուտները, թեպետ, անհասկանալի է՝ ինչ եկամուտների մասին է խոսքը: Այս ամբողջի մեջ ցավալին այն է, որ նշվում է, թե ձեռներեցության նպատակով գնված բնակարանների մասին է խոսքը: Երբ ես ասում եմ՝ այս պարագայում օրենքը բաց է, չեն համաձայնվում»,-կայքի- հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը՝ նկատելով, որ հաշվի առնելով այս ամենը՝ պետք է օրենքը շտկեն կամ էլ կառավարության համապատասխան հանձնաժողովում կենտրոնը ճանաչեն բարեգործական:

Նա հայտնեց, որ նախագահականից ևս հստակ պատասխան չկա:

«Նախագահականի աշխատակազմից զանգել են ու նորից մանրամասնել են օրենքները: Որոշում կամ գրավոր պատասխան՝ ի օգուտ մեզ, դեռ չկա»,- ասաց կենտրոնի ղեկավարը՝ չբացառելով, որ հնարավոր է՝ նոր վարչապետին ևս նամակով դիմեն: Վերջինս փոխանցեց, որ նաև նոր խնդիր է ծագել: «Ասել են, որ մեկ ամսվա ընթացքում պետք է վճարվի, եթե՝ ոչ, տույժ ու տուգանքներ էլ կգան»,- մտահոգություն հայտնեց Վահան Թումասյանը: Թեպետ, ծրագրերի մեծ մասը սառեցված է, Վահան Թումասյանը նշեց, որ ծայրահեղ վիճակում ապրող մարդկանց համար 6 բնակարանից երկուսի գումարն արդեն կա: «Ընտանիքներից մեկը ծայրահեղ վիճակում է: Երեխաները միակողմանի ծնողազուրկ են՝ հայրը կախվել է, իրենք էլ փողոցում են հայտնվել: Հիմա հովանավորն այդ երեխաներին գումարը տրամադրել է, մնացել է գործարքը անենք: Հիմա նրանք ի՞նչ մեղք ունեն, որ մենք այսպիսի խնդրի առաջ ենք: Հիմա վախենում ենք՝ մի կողմից կա 4 բնարական, մյուս կողմում էլ ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներ, այդ ընտանիքներին կհասցնենք արդյո՞ք հանել այդ պայմաններից, թե՝ ոչ: Այս ամենը հոգեկան խանգարման կհասցնի մարդուն»,- ասաց նա:

Վահան Թումասյանը նշեց, որ այս պահին խնդրի վերաբերյալ երկու տարբերակ է տեսնում: «Երկու տարբերակ կա, առաջինը՝ ասեմ, իմ տարիքը բավարար չէ, և եթե դուք ասում եք, որ բարեգործությունը ձեր մենաշնորհն է, վերցրեք, գնացեք, ինչ ուզում եք արեք: Վերջին հաշվով՝ «Շիրակ կենտրոն»-ի ունեցվածքը բռնագանձեք գումարների փոխարեն, ես էլ աչքերս փակեմ ու ասեմ, որ տնակներ չկան, ծայրահեղ պայմաններում ապրող մարդիկ էլ չկան: Երկրորդ տարբերակն էլ դրամահավաքն է: Բայց եթե դրամահավաք անեինք, մարդկանց վառելափայտի համար կանեինք, որ մարդիկ ձմռանը չսառեն կամ աղբանոցներից աղբ չհավաքեն, որ աղբը վառեն: Դրամահավաք անեմ, տանեմ տամ հարկայինի՞ն: Առհասարակ, մենք այդ գումարները շատ դժվարությամբ ենք գտնում: Հաճախ հենց հովանավորներն են զբաղվում այդ հարցով: «Շիրակ կենտրոն»-ը դրամահավաքությամբ չի զբաղվում, բայց հիմա ստիպված այդ երկու ճանապարհը կա: Ռիսկային է այս ամենը, հաշվի վրա փոխանցված գումարները որպես տույժ-տուգանք կբռնագանձվեն, էլ ո՞ր բարեգործը կհամարձակվի գումար փոխանցել»,- ասաց նա՝ նշելով, որ արդեն կենտրոնի հետագա գործունեության հարցն է առկախ մնում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին