Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները և լրագրողները բողոքեցին թե ցուրտ է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես առաջարկում եմ հանձնարարել, որ ավելի ակտիվ ու ուժգին ջեռուցեն դահլիճը, որ մեր ընդդիմադիր պատգամավորները չմրսեն, հատկապես ընտրություններից առաջ»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ կին պատգամավորներին հաճելի անակնկալ է սպասվում:
«Մեզ լավ լուր է սպասվում: Ես խնդրել եմ իմ գործընկերներին, որ կին պատգամավորներին թեյ հյուրասիրեն, որպեսզի չլքեք դահլիճը»:
Տեսնելով, որ լրագրողներն էլ են ցրտից բողոքում ` Շարմազանովը պատվիրեց նաև նրանց համար թեյ բերել: «Չասեք տժվժիկի պատմությունը սարքեցի, բայց ուզում եմ իմանալ իշխանության տված թեյը համե՞ղ է»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը:
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր ելույթը սկսելուց առաջ շնորհակալություն հայտնեց թեյի համար: «Շատ քաղցր էր»,- կատակեց տիկին Բիշարյանը: