Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էջմիածնում պատանու ողբերգական մահվան դեպքը իհարկե շոկային է: Եվ շոկային է ոչ միայն պատանու մահվան հետևանքով, այլ նաև հենց դրան հաջորդած վերաբերմունքի շղթայի:
Եվ դարձյալ հնչում են սուր գնահատականներ հասարակության մտածողության, ժողովրդի հասկացողության և վարքագիծ ձևավորող հասկացությունների հետադիմության, վտանգավորության մասին:
Այո, այդպես է, բայց, ընկերներ, այդ բոլոր գնահատականները հնչեցրեք մեկ հասցեով՝ ժողովրդին, հանրությանը առաջնորդողներ: Առաջնորդողներն են ձևավորում հասարակական արժեքները, ժողովրդական մտածողություն ու վարք ձևավորող հասկացությունները, ըստ այդմ՝ այդ վարքագծի, հասարակական համակեցության որակը:
Առաջնորդողներն են, որ, մի քիչ ծայրահեղ ասած՝ վայրենիներից կարող են կերտել արդիական հասարակություն, և արդիական հասարակությանը կարող են դարձնել վայրենի ցեղախումբ:
Եվ պետք չէ ասել, թե այդ առաջնորդողները ի վերջո օդից չեն ընկնում և այդ նույն ժողովրդի ծնունդն են: Այո, օդից չեն ընկնում, բայց հասարակական կենսագործունեության և զարգացման գործընթացնների բերումով հայտնվում են եղանակ ստեղծող պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային դիրքերում, ստանձնելով բոլոր այդ ուղղություններով հասարակական որակների պատասխանատվությունը:
Երբ ասում եք, «այս ինչ ժողովուրդ» է, դուք նրանց վրայից հանում եք այդ պատասխանատվությունը, նրանց տալիս եք սեփական անարդյունավետությունը, ձախողումները, տկարությունն ու տգիտությունը, նաև շատ դեպքերում հանցավորությունը արդարացնելու հիմք՝ «դե, ինչպես մենք ենք, այդպիսին էլ մեզ առաջնորդողները»:
Դա զարգացման բանաձև չէ, դա ճահճացման բանաձեւն է: Զարգացման համար պետք է առաջնորդվել՝ «ինչպես հանրությանն առաջնորդողներն են՝ այդպիսին էլ հանրությունն է» բանաձևով: Դրա շնորհիվ է, որ կարող ենք ունենալ ընդհուպ հանրային արժեհամակարգային վերափոխումների հույս»:
|