▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո

Ընթացիկ տարվա հունվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր՝ «Անհնար է Քրիստոսի մասնատումը»:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահի պարտականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով, էկումենիկ աղոթքին մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-բապտիստական Եկեղեցու առաջնորդ Իլյա եպիսկոպոս Օսեփաշվիլին և այլ քույր եկեղեցիների և հարանվանությունների հոգևոր դասի և հավատացյալների խմբեր:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, անդրադարձ կատարեց Էկումենիկ շարժման նկատմամբ Հայոց Եկեղեցու դիրքորոշմանը և գործուն մասնակցությանը միասնական աղոթքին: Նա կարևորեց այն, որ երկուհազարամյա պատմություն ունեցող Հայոց Եկեղեցին միշտ բաց է այլ դավանանքների հետ շփումների համար և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը էկումենիկ աղոթքի բոլոր մասնակիցներին: Սրբազան հայրը արժևորեց Հայ քրիստոնեական եկեղեցու տոներն ու ծիսակատարությունները, շարականները, 9 ժամերգությունները և 7 խորհուրդները: Նրա առաջարկությամբ, Վիրահայոց թեմը էկումենիկ աղոթքին հանդես եկավ 9-րդ՝ հանգստյան ժամերգությամբ, որի ընթացքում աղոթք բարձրացվեց նաև Սիրիայում արյունահեղության և ահաբեկչությունների դադարեցման, Ուկրաինայում քաղաքացիական լարվածության վերացման և ողջ աշխարհում խաղաղության հաստատման համար:

Էկումենիկ աղոթքին մասնակից եկեղեցիները հանդես եկան ներման, ապաշխարհության և գթության աղոթքներով: Ու թեև տարբեր էր մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների միասնության կարգախոսը՝ ինչպես անհնար է Քրիստոսին մասնատել, այնպես էլ անհնար է քրիստոնյաներին բաժանել: Միասին աղոթելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում Թբիլիսիի Սբ.Էջմիածին հինավուրց Եկեղեցում:

Արարողության վերջում հայերեն և վրացերեն ընթերցվեց Պողոս առաքյալի Առաջին թուղթը՝ ուղղված կորնթացիներին (Գլուխ Առաջին, 1-17):

Էկումենիկ աղոթքին ներկա էին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակի հանդուրժողականության կենտրոնի տնօրեն Բեքա Մինդիաշվիլին, Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Նորլանդը, Վրաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Օրտվիգ Հեննիգը, Վրաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Չիեսկովսկին, Անդրկովկասյան երկրներում Հռոմի Պապի ներկայացուցիչ Մարեկ Սոլչինսկին, Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը, խորհրդական Լևոն Թորգոմյանը և ուրիշներ:

Էկումենիկ աղոթքն ավարտվեց չորս եպիսկոպոսների օրհնությամբ:

 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին