▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ելք կա...Սերժ Սարգսյանից հետո՝ ՀՅԴ ԳՄ-ն էլ խոսեց

Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի,  ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է  կախված երկրի հետագա ընթացքը: Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը` անհատ,  թե հասարակական-քաղաքական խմբավորում պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ:

Ոստիկանական զորամասի գրավումից ժամեր անց, երբ դեռ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, ՀՅ Դաշնակցությունը արտահայտել է իր դիրքորոշումը` այո, անհրաժեշտ են որակական փոփոխություններ, բայց ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները: Զենքով,  բռնությամբ,  պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու:  Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները:

Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք  ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար,  իրականում ոչնչացնում են Հայաստանը:

Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին:

Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ,  բայց  ստեղծվում են:

Հայհոյանքը,  թշնամանքը,  ատելությունը,  բռնությունը,  ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը  միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից  հետո ստեղծված  մեր աներեւակայելի համազգային համախումբը այսօր լրջորեն վտանգված է:

Ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն է ու անողնաշարություն:

Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն  է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու,  ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով:  Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը,  նշանակում է ջուր լցնել  մեր թշնամիների ջրաղացին:

ՀՅ Դաշնակցությունը  ձտգում է  իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման,  անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը,  իրավապահ մարմիններից  պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը,  վճռականորեն  դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը:

Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ,  բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին  պարտավոր ենք ձեւավորել եւ նոր որակի իշխանություն:  Այդ ճանապարհը  մենք  անցնելու ենք այս արժեքներով ու գիտակցությամբ առաջնորդվող հասարակության լայն շրջանակների  հետ։

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն  Մարմին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին