«Մաքսային միությունը մի գոտի է, որտեղ չպետք է լինեն մաքսային խոչընդոտներ, և պետք է լինի մաքսային սահման։ Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալու դեպքում մեր երկրի տնտեսական աճը պետք է շատ բարձր լինի, բայց տնտեսագետները խոսում են 0.2, 0.3 տոկոս աճի մասին, որը Հայաստանի համար շատ քիչ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մաքսային միությանն անդամակցելուն, ձեռքբերումների ու կորուստներին` ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից կիրառված սպառնալիքներին, ապա, բանախոսի խոսքով տնտեսական ճնշում չէր կարող լինել, քանի որ Ռուսաստանն առանց այդ էլ ստացել է այն, ինչ ուզում էր՝ երկաթգիծ, էներգետիկա և այլն։
«Քաղաքական սպառնալիք էլ չեմ տեսնում, քանի որ Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանն է ասում։ Հայաստանը միակ երկիրն է, որից Ռուսաստանը ռազմական տեսանկյունից երբեք չի դժգոհել։ Արդյոք Ռուսաստանի կողմից եղե՞լ է անվտանգության սպառնալիք, եթե դա այդպես է, ապա պետք է այդ մասին բարձրաձայնել, քանի որ խոսքը Հայաստանի և ԼՂՀ անվտանգության մասին է, և Սերժ Սարգսյանը միայնակ չի կարող լուծել»:
Հարցին, թե Հայաստանը վերջնականապես կորցրե՞լ է ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, Իրիցյանը պատասխանել է, որ «Հայաստանը Եվրոպայի համար անվստահելի գործընկեր է։ Եթե հետագայում Հայաստանը ցանկություն ունենա շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ, ապա դա լինելու է այլ ձևաչափով և վստահության այլ չափանիշով»։ Ըստ նրա՝ այսօր ԵՄ-ն խղճում է Հայաստանին, քանի որ նրա վրա ճնշում են գործադրում»։