▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր հարթակը տրոհվում է

ՀՀ քաղաքական դաշտի վերջին իրադարձությունները լիովին փոխեցին ներքաղաքական շախմատային տախտակի ֆիգուրների դասավորությունը: Այս ամենի արդյունքում ընդդիմության դաշտում սկսվեցին փոխատեղումներ:

Նախ` ԲՀԿ-ն հայտարարեց, որ «արյունահեղությունից խուսափելու» համար չի գնա առճակատման: Այս հայտարարությանը հաջորդեց ԲՀԿ շարքերից առնետավազքը: Կարելի է ենթադրել, որ առաջիկայում ԲՀԿ-ի կողմից ՀՀ քաղաքական դաշտում լուրջ քայլեր չեն ակնկալվում: ԲՀԿ-ի նոր դիրքորոշումը և հետագա քայլերը կճշգրտվեն մարտի 5-ի արտահերթ համագումարից հետո:

ԲՀԿ-ի դեռևս անորոշ կեցվածքը լիովին փոխել է ընդդիմադիր ուժերի ծրագրերը և համագործակցության ուղղությունները: Վերջին իրադարձությունններից հետո Եռյակի մասին այսուհետ կարելի է խոսել անցյալ ժամանակով, մինչ այդ, սակայն, ենթադրվում էր, որ ՀԱԿ-ը և Ժառանգությունը համատեղ ուժերով կշարունակեն իրենց քաղաքական պայքարը:

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ի և Ժառանգության ճանապարհները նույն ուղղությամբ են գնում: Սակայն իրական քաղաքականությունը ցույց է տալիս լրիվ հակառակ պատկեր:

ՀԱԿ-ն իր ավանդական հանրահավաքն է նախաձեռնել մարտի 1-ին, որին մասնակցելու է նաև ՀԱԿ-ի սատելիտը` ՀԺԿ-ն: Հանրահավաքին կմասնակցի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Միաժամանակ մարտի 1-ին «Ժառանգությունը» որոշել է այցելել Տավուշի մարզի սահմանապահ շրջաններ: Իսկ ի տարբերություն ՀԱԿ-ի` «Ժառանգությունը» իր հանրահավաքը նախատեսել է մարտի 6-ին: Ավելին` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսկցությունը յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը հանրահավաքների շքերթ է խոստանում Ազատության հրապարակում` հանրությանը ներկայացնելով հաշվետվություն:

Այսպիսով` եռյակի ուժերի գնացքն այլևս մի գծով չի գնում, իսկ ընդդիմադիր յուրաքանչյուր ուժի ինքնամեկուսացումը, կարող ենք ասել, որ նշանակում է ընդդիմադիր դաշտի էլ ավելի խայտաբղետությանը և մանրացմանը նպաստող գործոն:

Նարեկ Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին