▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կուրացնում են միլիոնները

Թվում է, թե քաղաքացիական հասարակության համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է պարարտ դաշտ: Տարբեր միջազգային կառույցներ պատրաստակամ աջակցում են պրոբլեմների շուրջ իրական հակակշիռներ ստեղծելու, պետական համակարգի դեմ պայքարելու և, ազնիվ գործում ներգրավված լինելով, ֆինանսական խնդիրներ չունենալու հարցում:

Դեմոկրատիա, բնապահպանություն, կանանց իրավունքներ, գենդերային հավասարություն, առողջապահություն և այլն: Թերևս սրանք են միջազգային դոնորների հիմնական ուղղությունները: Իսկ ինչպե՞ս են ծախսվում այդ գումարները. հանուն պետականության կայացմա՞ն, թե՞ … Այս հարցում ևս ունենք լուրջ բացեր: Եվ հենց այստեղ վերահսկողությունը հասարակական սեկտորի նկատմամբ բացակայում է: Գրանտակեր պիտակավորումն իհարկե կա, բայց պարզից էլ պարզ է, որ ոչ բոլորն են գրանտակեր և ոչ բոլորը՝ ազնիվ: Ի դեպ, սկսել է ձևավորվել նոր տենդենց. միջազգային գրանտները պետական և հասարակական սեկտորները մսխում են համատեղ: Իսկ ինչի՞ն են ծառայում գրանտները:

Գրեթե ամեն օր տարբեր ԶԼՄ-ներով հնչում է տեղեկատվություն, որ այս կամ այն գյուղում, իսկ վերջերս անգամ մայրաքաղաքում, գայլերը հարձակվել և հոշոտել են 20, 40 կամ 100 ոչխար: Թվում է, թե պրոբլեմ է, որի դեմ պետք է պայքարել: Ունենալ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Թվում է՝ ամեն ինչ տրամաբանական է. որպես կարճաժամկետ ծրագիր ընտրվում է գայլերի սահմանափակ քանակությամբ որսը, և ահա, չգիտես որտեղից, հայտնվում են բնապահպաններ, ովքեր պարզվում է՝ ամեն գիշեր սուգ են անում գայլերիի համար, կոչ են անում արգելել որսը, հասկանալ, թե ինչ ծանր պայմաններում են ապրում գայլերը, իրականացնել հաշվարկ և այլն: Պարզից էլ պարզ է. հաշվարկի կարիք իրականում կա, բայց դա երկարաժամկետ ծրագիր է, իսկ գումարը վճարողը պատվիրել է պայքարել գայլերի որսի դեմ և ոչ գյուղացուն փոխհատուցելու համար, կամ օրինակ նույն գումարով գայլերին արհեստական սննդով ապահովելու: Պատվերը պատվեր է, մոռանանք գյուղացուն և նրա ոչխարները, ինչպես չնկատել գայլուկի թախծոտ աչուկները: Բարեբախտաբար կան բնապահպաններ, ովքեր մտահոգ լինելով իրական բնապահպանական խնդիրներով, ներգրավված լինելով տարբեր բնապահպանական շարժումներում, գայլաորսի պայքարին չմիացան:

Տարիներ շարունակ քննադատվում է պաշտոնյաների միլիոնատեր կանանց որպես նպաստ կամ փոխհատուցում պետական բյուջեից 20-30 մլն դրամ տրամադրելու հարցը: Մյուս կողմից էլ բոլորը պնդում էին, որ անուշադրության են մատնված չաշխատող մայրերը: Թվում էր՝ սկսվեց գործընթաց, և այլևս այդ կանայք միլիոններ չեն ստանա, իսկ չաշխատողներն էլ կստանան, և կրկին նույնը. հայտնվում են մարդիկ, ում խիստ մտահոգում է միլիոնատեր կանանց իրավունքները: Վերջիններս անգամ փողոցում են պատրաստ պայքարել միլիոնատերերի իրավունքների համար: Եվ իրականում, երկընտրանք չկա. չէ՞որ գրանտը տրվել է կանանց իրավունքների պաշտպանության համար, իսկ նախագծով ոտնահարվում է ընդամենը 100 կամ 200 միլիոնատեր կնոջ իրավունք: Պատվերը պատվեր է, կարելի է մոռանալ ինչպես չաշխատող մայրերին, այնպես էլ, թե հատկապես ովքեր են այդ միլիոնատերերը: Բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, ովքեր գիտակցեցին, որ միլիոնատերերի «իրավունքների» պաշտպանությունը նպաստելոււ է չաշխատող մայրերի անպաշտպան մնալուն և հրաժարվեցին միանալ պայքարին:

Հերթական հատկանշական գրանտը: Այս գրանտն ուշագրավ է նրանով, որ իրականացվում է միաժամանակ թե՛ պետության, թե՛ հասարակական սեկտորի կողմից: Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ցորենի ալյուրի պարտադիր հարստացումը: Ինչո՞ւ նախաձեռնվեց. հղիների և փոքր տարիքի երեխաների մոտ կան որոշակի առողջական խնդիրներ, իսկ նախարարությունը ֆինանսավորում կստանա միայն մի դեպքում, եթե խնդիրը լուծի ալյուրի պարտադիր հարստացման եղանակով, դեռ ավելին՝ միջազգային դոնորն էլ կդառնա բարեկամ՝ հետագայում ֆինանսավորելով այլ ծրագրեր ևս: Գումարները կան, ուրեմն կարելի է թքած ունենալ հասարակության մյուս 90 տոկոսի վրա և անցնել գործի: Եվ ահա հայտնվում են սպառողների շահերի պաշտպաններ, ովքեր մոռանալով հասարակության 90 տոկոսին, դառնում են ծրագրի ջատագով՝ մասնագիտական վերլուծություններ անելով անգամ ոլորտներում, որոնց մասին անգամ պատկերացում չունեն: Գրանտից փոքրիկ մասնաբաժին պոկելու հեռանկարով էլ որոշներն ուղղակի լռում են՝ կարծես իրենց անմիջական պարտականությունը չէ ուսումնասիրել և բարձրաձայնել պրոբլեմները: Բարեբախտաբար այստեղ էլ կան մարդիկ, ում համար կան գրանտից ավելի կարևոր արժեքներ:

Չենք կարող չնկատել, որ իսկապես ողջունելի է, երբ երկրում իրականացվող գրանտային ծրագիրը նպաստում է որևէ խնդրի լուծմանը, բայց միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ, երբ գրանտը ծառայում է միայն հասարակության մոլորեցմանը:

 

Էդգար Խաչատրյան

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին