▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սերը սկսում է քչություն անել

Մարդիկ ծնվում են, մի քիչ մեծանում, ծնողների սերը սկսում է քչություն անել: Սկսում են ամենուր սիրո նոր աղբյուրներ փնտրել: Միշտ չէ որ իրենց ուզածը գտնում են, դե բա ո՞նց: Սերը հո հաց չի, որ առնես, սովից չմեռնես:
Սիրո այրող պակասից սկսում են խենթ քայլեր անել: Զվարճալիության աստիճանի միամիտ կերպով են ցուցադրում իրենց հմայվածությունը, նվաստանալու չափ են խնդրում սիրած անձի ուշադրությունը: Սիրո տեղ են ընդունում դիմացինի սեքսի և ապահովված լինելու ցանկությունը, հարգանք են համարում նրա քաղաքավարությունը: Չեղածն իրականություն են երևակայում, հետո դառնորեն հասկանում, որ սխալ էին: Հեռանում են մարդկանցից, իրենք իրենցից, կոտրվում, փորձում սրտի կրակը տարբեր կրակմարիչներով հանգցնել: Դրա համար տրվում են գինուն, ծխին, հորմոնների խաղին: Հետո հոգնում դրանից էլ ու ետ նայում, որովհետև առաջ նայելու հեռանկար չեն պատկերացնում: Ետ նայելն օգուտ չի բերում, առաջ նայելու համար արդեն ակնոց է պետք, որը դեռ չեն պատրաստել, չէ՞ որ ժամանակը ծախսում էին դեպրեսիայի մազոխիստական վայելքն ամբողջությամբ զգալու վրա: Հետո, նոր ցախ չլինելու պատճառով հոգու կրակը գնալով մարում է, անթեղվում կորցրածն ափսոսելու մոխրով: Ածուխները դեռ երկար են մլմլում, բավական է մի ուժեղ, նոր քամու շունչ`կրակը նորից է պարզում իր լեզուները: Բայց, դրանք արդեն նվազ են, թույլ, իսկ քամին գուցե կյանքի ձմեռը շնչած բուքն է, որն արտաշնչում է մարդու կրակի վերջին կայծերի վրա: 
Մնում է միայն ապրել հիմա՛: Կողքիդ վաղվող, կամ մլմլացող կրակների հետ կապված հույս մի ունեցիր: Իրենք հազիվ են յոլա գնում, չգիտեն էլ, թե որոնք են ճիշտ վառվելու օրենքները, նախկինում էլ միայն հորմոնների առատությունից են վառվել, ոչ թե սեփական խելքով  Ունեցածդ պաշարով` կամ ինքնուրույն վառվիր, մարիր, կամ փորձիր բոցավառել նրանց էլ: Այդպես գոնե մարելուց առաջ մի գեղեցիկ խարույկ կլինի, ոչ թե խղճուկ ածխակույտիկներ:

Ալինա Դերձյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին