▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սիրում ես, երբեմն բարդ է մտածել սեփական արարքների մասին. Կարեն Գրիգորյան

 Երգահան Կարեն Գրիգորյանը  երբեւէ չի կերել եւ չի էլ հավատացել աղի բլիթին, փոխարենը՝ նա հավատում է իրական սիրուն: Կյանքի ընթացքում ապրած «տխուր» սիրո հետքերը Կարենի հոգում թողնելով իր պտուղները` վերածվել է երգերի ու դարձել հիթեր: Կարենի «Լռություն» երգը, որն արդեն հասանելի է հանրությանը՝ երգչուհի Գոհար Գրիգորյանի կատարմամբ, երգահանի վերջին անհանջող սիրո պտուղն է:

- Կարեն, տարիներ առաջ Ձեր մասին նկարահանված «Միշտ հանուն, ոչ թե ընդդեմ» վավերագրական ֆիլմում սիրո վերաբերյալ տարօրինակ մեկնաբանություն էիք տվել: Մի փոքր կմանրամասնե՞ք եւ արդյո՞ք մինչ օրս այդպես եք մատծում:

- Իմ մեկնաբանությունը հետեւյալն էր. պետք չէ սիրել մեկ մարդու եւ այն ամբողջ դրական էներգիան, որ քո մեջ կրում ես ուղղել հենց այդ մարդուն, որը շատ հաճախ չի գնահատում այն: Կարծում եմ, այն ժամանակ ես բավականաչափ անկեղծ էի, քանի որ, ցավոք, շատ տխուր սիրո պատմություն էի ունեցել մինչ այդ եւ բավականին երկար չէի նկատում իմ շրջապատում ինձ շատ սիրող մարդկանց: Այսօր հավանաբար ավելի իմաստուն եմ դարձել եւ այդպես չեմ մտածում: Իհարկե, սիրո մեկնաբանությունները բազմաթիվ են եւ տարատեսակ, բայց այսօր ես գիտեմ ինչ է լինել սիրված եւ ինչ է նշանակում սիրել:


- Իսկ այսօր սիրո՞ւմ եք որեւէ մեկին:

- Սիրում եմ, այն էլ ինչպես... Ես բավականին երկար ժամանակ խուսափել եմ նման հարցերի մասին կիսվել մամուլի հետ, բայց այսօր կլինեմ շատ անկեղծ: Շատ երկար տեւեց, որ իմ մեջ հաղթահարեմ սիրելու հանդեպ ունեցած ցավս: Միշտ կարծում էի, որ նման պատմությունները հիմնականում, եթե ոչ ողբերգական, ապա՝ գոնե անհաջող ավարտ են ունենում: Չեմ ասի, թե այս պատմությունը շատ հաջող ընթացք ունեցավ, բայց այն շատ կարեւոր է ինձ համար:


- Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր սիրո պատմությամբ:

- Իմ սիրո պատմությունը մի փոքր տարօրինակ է, պատմություն երկու տարօրինակ մարդկանց միջեւ, ովքեր շատ դժվար են իրար հասկանում: Առաջին հայացքից նույնիսկ անհնար թվացող հարաբերություններ, որը սակայն ինչ-որ ժամանակ իրականություն դարձավ: Իրականում կարծում եմ, իմ սիրո այս պատմությունը իր մեջ կրում է բազմաթիվ անպատասխան հարցեր, բայց մի բան ակնհայտ է ինձ համար, երկուսս էլ իրար սիրում ենք: Համենայնդեպս, ես այդպես եմ զգում, չնայած, որ կա մեծ անջրպետ, մի մեծ լռություն:


- Ձեր հեղինակած նոր «Լռություն» երգը հենց նրա՞ մասին է:

- Այո, նրա մասին է: Կարծում եմ ամեն մարդ ունի իր սեփական երաժշտությունը: Քանի որ ես երգահան եմ, ինձ հաջողվում է լսել մարդկանց սրտի մեղեդին, հատկապես այն ժամանակ , երբ մարդիկ քնած են: Մի անգամ, ինձ հաջողվեց լսել նրա երաժշտությունը, եւ այդ պահին իմ տխրությունը նոր գույներ ստացավ ու ես տեսա նրա տխրության թաքնված գույները: Նրա կատարյալ տխրությունն ու իմ անկատար երաժշտությունը իրար խառնվեցին եւ դարձան լռության մեղեդի: Երբեմն մենք լռում ենք, ոչ թե նրա համար, որ ասելիք չունենք, այլ պարզապես վստահ չենք, որ դիմացինը կհասկանա մեզ: Այս երգի մեջ ասել եմ այն, ինչն, իրոք, կուզենայի, որ նա լսեր: Ես անկեղծ եմ իմ զգացմունքներում եւ միայն մի բան գիտեմ, որ իսկական սերը ամեն դժվարություն, հիասթափություն եւ խոչնդոտ էլ կհաղթահարի եւ այն լոկ փորձություն է մեզ համար: Նրանք, ովքեր կհաղթահարեն սիրո հարցում՝ հաղթանակած կլինեն: Եթե, իրոք, սիրում ես, ապա պետք է լինես նրա կողքին՝ անկախ ամեն ինչից: Գալիս է մի պահ, երբ բացարձակ կարեւոր չէ, թե ով է մեղավոր, միայն ուզում ես գրկել քո սիրած մարդուն, համբուրել ու մոռանալ ամեն բան… Երեւի թե, սա է իսկական սերը: Սերը մեկ օրում չի ծնվում եւ երկու օրում չի մեռնում:


- Ինչպե՞ս եք պատկերացնում ստացված սիրային հարաբերությունները:

- Մեր կյանքն իրականում շատ կարճ է եւ շատ բարդ է դարձել ապրել ու ժպտալ: Համատարած դեպրեսիա է մեր մոլորակում, ամենուրեք խնդիրներ եւ էլի խնդիրներ: Ուզում եմ, որ իմ կյանքի կեսը լինի այն մարդը, ում համար կդառնամ ավելի լավը, ով ինձ կոգեւորի եւ կլինի իմ կողքին՝ անկախ ամեն ինչից, անկախ դժվարություններից եւ բարդություններից: Հենց դա էլ կլինի իմ սիրո ամենալավ ապացույցը: Ես շատ դժվար եմ սիրում մարդկանց, բայց երբ սիրում եմ, դա հավերժ է, մինչեւ կյանքիս վերջը նրանք իրենց դրոշմը կթողնեն իմ սրտի վրա: Ուզում եմ միասին ապրենք այս կյանքը, վայելենք այն: Ուզում եմ սիրել իմ կյանքը նրա կողքին: Առհասարակ, բարդ է իմ նման մարդկանց հետ, ովքեր անընդհատ էմոցիոնալ ալիքների մեջ են, բայց հիմա ես գիտեմ ինչ եմ ուզում: Ցավոք, հավանաբար երազանքներս իրականություն չեն դառնա, քանի որ երբեմն մարդկանց համար շատ դժվար է փոխզիջման գնալ, ուժ գտնել իրենց մեջ՝ տեսնելու սերը: Համենայնդեպս, ես չեմ սպանի իմ սերը երբեք, որքան էլ այն ցավ է ինձ պատճառում…Այսօր այն այնքան լուսավոր, մաքուր եւ գեղեցիկ զգացմունք է, թող ապրի ու ուժ տա ինձ: Մեր օրերում նույնիսկ սիրելն է դարձել տարօրինակ: Տարիներ կանցնեն եւ վստահ եմ` նա էլ կհասկանա այս ամենը: Ես երկար ճանապարհ անցա մինչեւ հասկացա, որ պետք չէ մեր կյանքում երբեք կորցնենք մեզ հարազատ մարդկանց: Նրանց կորցնելով՝ մեզանից մի մաս ենք կորցնում, կիսատ մի բան թողնում, որը միշտ մեզ խանգարելու է:


- Վերջերս ֆեյսբուքում Ձեր զայրացած սիրային գրառումը բավականին վատ արձագանք ունեցավ համացանցում: Սկսվեցին քննարկումներ Ձեր անձնական կյանքի մասին...

- Երբ սիրում ես, երբեմն բարդ է մտածել սեփական արարքների մասին: Համամիտ եմ, հավանաբար կարիք չկար նման խոսակցությունների թեմա դառնալ: Գրառումիցս մի քանի րոպե անց, սկսվեց նամակների հորձանուտը` հարցերով ու խնդրանքներով, որ անմիջապես այն ջնջեմ: Ուրախ եմ, որ այդքան շատ մարդկանց համար կարեւոր եմ, որ անհանգստանում են , բայց կարծեմ ես ել եմ մարդ, ունեմ զգացմունքներ եւ դեռ չեմ կորցրել սիրելու ունակությունս:


-Ի՞նչ կասեիք նրան, եթե հենց հիմա նստած լիներ Ձեր դիմաց:

- Կասեմ, որ սիրում եմ…Սիրում եմ շատ անկեղծ եւ անմնացորդ: Սիրում եմ նրան այնպիսին, ինչպիսին որ կա: Նույնիսկ կարոտում եմ այն արարքները, որոնք տանել չէի կարողանում: Ուզում եմ ընթերցողներին մաղթել, որ երբեք չվախենան սիրուց, նույնիսկ, եթե այն երբեմն մեզ ցավ է պատճառում: Միեւնույն է, ավելի լավ է սիրել, զգալ, քան ապրել առանց սիրո... Շնորհավորում եմ բոլորի Սուրբ Սարգսի տոնը, բոլոր սիրահարներին՝ տոնի առթիվ: Եղե՛ք երջանիկ, սիրե՛ք եւ սիրվե՛ք:

Հեղինակ` Լիլիթ Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին