«Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող «սոված» զինվորներին առաջնորդում էին «թալանչի» հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր արժանի հակահարված»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ տվյալ պաշտպանական հատվածի պահպանությունն իրականացնող միավորման կամ զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված մարտական որոշմամբ:
Այսօր, երբ Հայոց բանակում ծառայող «կուշտ» զինվորներին առաջնորդում են «ազնվագույն» հրամանատարները, Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը բռնազավթելուց հետո հակառակորդն անարգել շարունակում է ծվատել Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները:
Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարը նման ճակատագրական իրավիճակում ոչ ավել, ոչ պակաս` բավարարվում է հայտարարությամբ, ասելով՝ «մեր համբերությունը անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ...»:
Այս ամենից հետո ամենացավալին կայանում է նրանում, որ մեր հասարակության դյուրահավատ հատվածը դա ընկալում է որպես «կոշտ» նախազգուշացում: Այս ու՞ր ենք հասել»,- գրել է Հասրաթյանը:


