Պատերազմը 19-ամյա Արմենից խլեց երկվորյակ եղբորը` Զավենին, մանկության ընկերոջը՝ Սենիկին, ականջներում հավերժ թողեց բոցկլտացող մեքենայից օգնություն աղերսող եղբոր ու ընկերների հառաչները, աչքերի առաջ դաջեց մոխրացող, մաս-մաս եղած ծառայակիցներին, իսկ մեղքի զգացումը դարձավ Արմենի անբաժան ուղեկիցը:
Երկվորյակ Արմեն եւ Զավեն Հակոբյանները շուրջ մեկուկես տարվա զինծառայողներ էին, երբ պատերազմն սկսվեց: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, հետո զորակոչվել բանակ: Մեղրիում էին ծառայում:

Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Կրակի բերանում
Հոկտեմբերի 9-ն էր: Իշխանաձորից տեղափոխվում էինք դեպի Ջրական (Ջաբրայիլ): Մեզ ասել էին, որ պիտի գնանք Դիլի գյուղ: Թշնամին գրավելով գալիս էր, ու մենք պիտի իրենց այնտեղ դիմավորեինք: Ամբողջ ճանապարհին սնարյադը խփում էր: Ճիշտ է՝ մեքենային չէր կպնում, բայց բարձր ձայները լսվում էին: Զավենը, նայելով տղերքին ու տեսնելով, որ հուսախաբ են եղել, միանգամից սկսեց երգել. «Պատերազմ եք գնում, բարով գնացեք», ու տղերքով սկսեցինք ձայնակցել իրեն: Անընդհատ փորձում էր դուխները տեղը պահել, խոսում էր նրանց հետ, ոգեւորում: Հետո զգացինք, որ ԱԹՍ-ի ձայնը մոտենում է, ավելի է ուժեղանում: Ես ու եղբայրս նայեցինք իրար ու հասկացանք, որ էլ ոչինչ փոխել չենք կարող: Այդ ժամանակ կամիկաձեն հարվածեց մեր «Ուրալ»-ին, ու միանգամից պայթեցինք: Պայթյունի ալիքն ինձ դուրս շպրտեց մեքենայից: Դիմացս նստած էր դասակիս հրամանատարը, որին նույնպես այդ ալիքը դուրս շպրտեց, բայց ինքը չկարողացավ ուժ տալ իրեն ու դուրս նետվել, մնաց մեքենայի մեջ:
Բոլորը վառվում էին, ես՝ նույնպես… միայն ես էի դրսում: Դեմքս, ձեռքերս, ոտքերս վառվում էին: Ես տեսնում էի, թե ոնց է կրակը դեմքիս վրայով բարձրանում: Գետնի վրա փորձում էի հանգցնել, դե, տաք էի, դեռ այդքան սուր ցավեր չէի զգում: Հետո… հետո ամենասարսափելին էր: Շրջվեցի ու լսում էի եղբորս ձայնը՝ ոնց էր օգնություն կանչում: Ամբողջ ուժերովս փորձեցի ոտքի կանգնել, միանգամից ոտքս մեջտեղից կիսվեց, թռավ ուսիս մոտ, ձեռքով վերցրի ոտքս, դրեցի տեղը… տեսնում էի, թե ոնց են բոլորն այրվում… չեք պատկերացնի, չեմ կարող բացատրել այդ զգացողությունները… ուշագնաց եմ եղել: Հետո հիվանդանոցում եղբորս էի գոռում, կանչում: Ասացին, որ մեքենայից միայն ես եմ ողջ մնացել… Զավենը կանչում էր՝ վառվեցի՜նք, բոլորս վառվո՜ւմ ենք, հասե՜ք, օգնե՜ք, գոնե մեկիս օգնե՜ք… Զավենը կանչում էր…
Իշխանաձորի հերոսները
Հայրս նույն օրը գնում է Սյունիքի մարզ ու հոսպիտալներում եղբորս փնտրում: Երբ տեսնում է, որ չի գտնում, գնում է դիահերձարան: Հենց այդ պահին մեքենա է կանգնում, դիեր են իջեցնում: Ասում են՝ Իշխանաձորի պայթած մեքենայի դիերն են: Պապան ասում է՝ իմ էրեխեն մեջն է, բացեք՝ գտնեմ:
- Չես կարող գտնել, անճանաչելի են:
- Ես կգտնեմ, բացե՛ք: Բնազդաբար կանգնում է եղբորս կողքը, ատամից ճանաչում է Զավենին, իսկ հետո ԴՆԹ-ով հաստատվում է: Պապան մեքենա է կանչում ու բոլոր դիակները տեղափոխում է Երեւանի դիահերձարան:
Ինձ եմ կորցրել…
Հետո ինձ ասացին, որ եղբայրս ողջ է, ուղղակի կոմայի մեջ է: Եղբորս յոթն անցել էր, նոր իմացա, որ իրոք մահացել է: Անբացատրելի է իմ ցավը: 19 տարի մենք ամեն օր միասին ենք եղել, ախր ո՞նց բացատրեմ՝ ինչ եմ զգում: Ոչ մեկին, ոչ մեկին նման բան չեմ ցանկանա… անբացատրելի է. ծնող կորցնել չի: Գիտե՞ք, կարծես ես ինձ եմ կորցրել. ինքն իմ կեսն էր: Մենք նույն մարդն էինք:
Ինձ մեղավոր եմ զգում, որ ես չէի, ի՛նքն էր: Ինքն իր հոգին տվեց ինձ ու գնաց, բայց ես ամեն անգամ՝ ինչ-որ բան անելիս, մեղադրում եմ ինձ, որ ե՛ս չեմ եղել իր տեղը:
Ես պիտի իր կիսատ թողածն ինքս անեմ, պիտի փորձեմ: Մեր ծրագրերը ես պիտի իրագործեմ, որ ինքը վերեւից տեսնի, որ արեցի: Ինքը շատ էր ուզում, որ մենք համալսարանում լավ սովորեինք, լավ ապագա ունենայինք ու միշտ միասին լինեինք:
Իրական դժոխք
Անընդհատ իր ձայնն ականջներումս է, որ օգնություն էր կանչում… ու ես չկարողացա… չկարողացա իրեն կրակից հանել: Մեղավոր եմ զգում: Թող այրվածքներով լիներ, կոմայի մեջ լիներ, բայց մենակ փրկած լինեի, իմանայի՝ ողջ է: Թող ես այնպես այրված լինեի, որ երբեք չապաքինվեի, բայց փրկած լինեի: Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ զգացողություն է, երբ դու գետնին պառկած ես ու տեսնում ես՝ ախպերդ մեքենայի մեջ մոխիր է դառնում: Սարսափելի է… ցավս անպատմելի է: Դժոխքը դա է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


