Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումից հետո և դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ընդամենը 1 շաբաթ անց իսրայելական «Երկրորդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը վերահաստատել է Հրեական պետության հասցեին նախկինում հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները:
Թուրքիայի նախագահը մասնավորապես կրկնել է, որ երկու երկրների միջև հակամարտության առիթ դարձած Մավի Մարմարայի միջադեպում մեղավոր են և նախահարձակ են եղել իսրայելցի ուժայիններն, ապա նաև՝ վերահաստատել է 2014թ. Գազայի հատվածում իրականացված ռազմագործողության համատեքստում իսրայելական իշխանությունների թույլ տված «գազանությունների» և նացիստական Գերմանիայի ցեղասպանական գործելաոճի միջև ավելի վաղ իր իսկ կողմից տարված համեմատությունն. ի դեպ, հարցազրույցի ողջ ընթացքում Էրդողանը բավական ագրեսիվ հռետորաբանություն է կիրառել նաև հաղորդավարի հասցեին՝ նրա որոշ հարցերին ի պատասխան:
Թուրիքիայի նախագահի վարքագիծը որոշակի զայրույթ է առաջացրել Իսրայելպետության լրատվական և քաղաքական դաշտերում: Դրան առավել կտրուկ արձագանքել է երկրի նախկին ՆԳ նախարար, վարչապետ Բ. Նեթանյահուի երբեմնի զինակից Գիդեոն Սաարը, ով նախ որպես «ստորացուցիչ արարք» է որակել Թուրքիային ֆինանսական փոխահուտուցում տրամադրելու իրողությունն, ապա նաև նշել. «Լավ է, որ ցուցադրեցին այդ հարցազրույցը, քանի որ այն ապացուցեց բոլոր նրանց, ովքեր հավատում էին, թե Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ է բացվել հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո, որ այդ ամենը պատրանք է»...