▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը կրկին խոսում է պանթուրքիզմի ու նեոօսմանիզմի լեզվով

Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լևենթ Գուրմուքչուն հայտարարել է, որ վերջին 25 տարում թուրք-վրացական հարաբերությունները լավագույն մակարդակի վրա են բոլոր մակարդակներով ու բոլոր ուղղություններով։
Դեսպանն այդպես է մեկնաբանել Թուրքիայի նապագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները. «Թուրքիան ոչ միայն ճանաչում, այլև ուժգին պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Այսօր մեր կառավարություններն անցկացնում են շատ ճիշտ քաղաքականություն։ Թուրքիան Վրաստանի հարևան միակ երկիրն է, ուր խնդիրներ չկան սահմանի վերաբերյալ։ Բնականաբար Բաթումը Վրաստան է, իսկ Ռիզեն՝ Թուրքիա, և այդպես կլինի ապագայում»։
Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզեի համալսարանում, հայտարարել էր. «Մեր ֆիզիկական սահմաններն այլ են, հոգևոր սահմանները՝ այլ: Ոմանք մեզ հարցնում են, թե ի՞նչ գործ ունեք Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ղրիմի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի հետ: Բայց այս վայրերից ոչ մեկը մեզ համար օտար չէ:
Թուրքիայի դեսպանի հայտարարությունը շատ ուշագրավ է՝Վրաստանում հակաթուրքական տրամադրությունների ալիքից խուսափելու համար արվում է այնպիսի հայտարարություն, որը կուղղի Էրդողանի հայտարարությունը կամ ավելի շատ այն կլղոզի, որպեսզի գոհ մնան և վրացիները, և վրացական իշխանությունները ստիպված չլինեն բողոքի նոտա ներկայացնել՝իրենք տարածքային ամբողջականության հարցով: Անկարայի համար իրոք շատ կարևոր է Վրաստանը,որպես էներգետիկ-տրանսպորտային միջանցք, պատուհան դեպի Ադրբեջան ու թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝Վրաստանը պանթուրքիզմի, պանթուրանիզմի այն կամուրջն է, որի օգնությամբ Թուրքիան տարածելու է իր ազդեցությունը:


Թուրք-ադրբեջանական տանդեմը տնտեսական էքսպանսիա իրականացնելով Վրաստանում փորձում են այդ երկիրը դարձնել իրենց արտաքին աշխարհաքաղաքական շահերը սպասարկող երկրի՝արբանյակ-պետության, որի դիմաց ՌԴ-ի հետ թշնամական հարաբերություններ ունեցող՝Աբխազիայի ու Հվ.Օսիայի պատճառով, բնական ռեսուրսեր չունեցող և ծերացող բնակչությամբ Վրաստանը որոշակի դիվիդենտներ կստանա իր տարանցիկ ծառայությունների համար՝թուրքական ներդրումներ մահմեդական Աջարիայում, ինչպես նաև էժան ադրբեջանական էներգակիրներ:
Սակայն Էրդողանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ նեոօսմանականությունը, պանթուրքիզմն ու պանիսլամիզն ոչ մի տեղ չեն վերացել Անկարայի արտաքին քաղաքականությունից՝Էրդողանը շարունակում է օսմանյան սուլթանների, երիտթուրքերի ու Աթաթուրքի քաղաքականությունը՝soft power իրականացնելով նախկին Օսմանյան կայսության տարածքներում, իսկ ժամանակ առ ժամանակ նաև hard power, ինչպես Հյուսիսային Կիպրոսի գրավումն ու ներխուժումը նախկին օսմանյան Հալեպ ու Մոսուլ քաղաքներ:
Վրաստանը ընկնելով թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ու ժողովրդագրական էքսպանսիայի ներքո իր արևմտյան՝Աջարիա ու հարավ-արևելյան սահմաններով՝ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիով ու չեչենաբնակ Պանկիսիի կիրճով կամաց-կամաց թյուրքացվում ու մահմեդականացվում է՝ժողովրդագրական վիճակը Վրաստանում ծանր է՝ավանդաբար ցածր ծնելիությունը, մեծ արտագաղթ 90-ականներին, որը շարունակվում է նաև այժմ՝հիմնականում ՌԴ ու մասամբ եվրոպական երկրներ, ֆիքսվել է Բաքվի ու Անկարայի կողմից, որոնք ոչ բռնի ուժով, այլ տասնամյակներ առաջ ռազմավարություն մշակելով Վրաստանում կդառնան դոմինանտ՝թե քաղաքական դաշտում, թե տնտեսական, թե ներդրումային առումով: 
Վրաստանը կպահպանի իր ինքնիշխանությունը՝ֆորմալ առումով, սակայն փաստացի կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի միջնորդ-կամրջող պետությունը, ինչը սպառնալիք է ներկայացնելու նաև ՀՀ ազգային անվտանգության ու սահմաններին, քանի որ ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝Ջավախքի այս տեպմերով հայաթափման ու այլազգիներով բնակեցման, ինչպես նաև Լոռու ու Տավուշի մարզերի հյուսիսում ադրբեջանաբնակ բնակավայրերի ստվարացման ու ժողովրդագրական աճի պարագայում ՀՀ-ին սպառնում է թյուրքական օղակով շրջափակման վտանգ նաև հայ-վրացական սահմանին, ինչը կպահանջի լրացուցիչ զինված ուժեր տեղակայել այդ ուղղությամբ՝ դրանք կտրելով արցախյան ճակատից ու Նախիջևանի սահմանից:

 

Արտյոմ Բալասանով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին