▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված հայտարարություն է արել

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում Պետրոս Շիրինօղլուն պատմել է, որ Ստամբուլի հայ համայնքի մոտ այնպիսի տպավորություն կար, որ ինքն է արգելակում Պատրիարքի ընտրության կազմակերպումը, որի համար ստիպված է եղել նախագահ Էրդողանից հանդիպում խնդրել։  Պետրոս Շիրինօղլուի խոսքով՝ Էրդողանի հետ հեռախոսով զրույցից հետո Էրդողանը հրավիրել է Անկարայի նախագահական նստավայր, որտեղ էլ տեղի է ունեցել հանդիպումը։

«Ես նախագահին հայտնեցի, որ հիմնադրամների ու պատրիարքի ընտրությությունների ուշացման հետ կապված հայ համայնքի որոշ անդամներ ինձ են մեղադրում ու պահանջեցի անցկացնել այդ ընտրությունները։  Էրդողանն ասաց, որ նախկինում էլ թուրքական իշխանություններն ըստ 1863–ին ընդունված Հայոց Սահմանադրության թույլատրել են ընտրությունները՝ շեշտելով, որ փոխպատրիարք Աթեշյանի հետ հանդիպմանն էլ նույն բաներն է ասել։  Էրդողանը հիշեցրեց, որ պատրիարքի ընտրության ուշացումը հայկական կողմի բացթողումն է, քանի որ դրան իշխանությունները չեն խառնվում»,–ասել է Պետրոս Շիրինօղլուն՝ հավելելով, որ Էրդողանը խոստացել է, որ առաջիկայում հենց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվի, անմիջապես կզբաղվեն պատրիարքի ու հիմնադրամների ընտրությունների հարցերով։

Նույն թեմայով «Ակոս»–ի հետ զրույցում Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ եպիսկոպոս Սահական Մաշալյանը նշել է, թե պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում ներկայացնելու համար կարիք չկա սպասել հանրաքվեին։ «Եթե մենք հիմա պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում ներկայացնենք, ապա հանրաքվեից հետո այն ավելի արագ ընթացք կստանա, քանի դրանից հետո ներկայացնենք դիմումը»,–ասել է եպիսկոպոս Մաշալյանը։

Նշենք, որ Ստաբուլի հայ համայնքը երկար ժամանակ գտնվում էր պառակտված վիճակում պատրիարքի ընտրության հարցում։ Պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով անգործունակ է ճանաչված, սակայն ըստ Պատրիարքարանի կանոնադրության, Պատրիարքն ընտրվում է ցմահ։  Համայնքի մեծ մասը պահանջում էր նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի մասն էլ շեշտում էր, թե եկեղեցական օրենքն արգելու է նոր ընտրությունը մինչ պատրիարքի մահը։

Այս ընթացքում պատրիարքի գործառույթներն իրականացրել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք․ Արամ Աթեշյանը, ում ստամբուլահայ համայնքի մի մասը չի ընդունում եւ համարում է Էրդողանի կողմից նշանակված անձ։

Աղբյուր՝ news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին