▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ԵԽ-ի Թուրքիայի մասին զեկույցում

Եվրոպայի խորհուրդի (ԵԽ) ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը: Ըստ զեկույցի՝ չնայած վերջին տարիներին Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները շարունակվում են:

Ըստ «Ակօս» շաբաթաթերթի կայքի՝ հանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտոնյաննների կողմից ատելության պարունակող բառապաշարի կիրառումը: Որպես ասվածի օրինակ զեկույցում մեջբերվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի և երգիչ Յըլդըզ Թիլբեի արտահայտությունները հեռուստատեսությամբ և սոցցանցերում:

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն:

Ըստ զեկույցի՝ ատելություն պարունակող արտահայտությունների կիրառումը գագաթնակետին է հասել 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, ինչը մեծացրել է հասարակության մեջ առկա բևեռացումը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում:

Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար: 2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:

Եվրոխորհրդարանի հանձնաժողովը զեկույցի մեջ ընդգրկել է նաև հայ զինծառայող Սեվակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուքի, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունները, եկեղեցիների վրա կատարված հարձակման դեպքերը:

Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անկախ փորձագետներ, որոնք ԵԽ անդամ երկրներում ռասիզմի, այլատյացությունը և անհանդուրժողականության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են պատրաստում:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին