▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն իր մանկլավիկներով պատրաստում է նոր արկածախնդրություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արցախա-ադրբեջանական շփման գծում քառորյա պատերազմից հետո ապրիլի 14-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տարածաշրջանային նոր զարգացումների սկիզբ ազդարարել: Թուրքական իշխող վերնախավը փորձում է գործածել Ռուսաստանի դեմ բոլոր հնարավոր խաղաքարտերը՝ ԱՄՆ և Իսրայելի նոր քաղաքականությանը դիմակայելու նպատակով...

Վերջին օրերին թուրքական լրատվամիջոցները ողողվել են հակաամերիկյան և հակաիսրայելական հրապարակումներով, մասնավորապես քննարկվում է Մերձավոր Արևելքի վերաբաժանման աշխարհաքաղաքագետ Զբիգնև Բզեժինդկու առաջարկվող քարտեզը: Թուրքական մամուլը մեղադրում է Վաշինգտոնին և Թել Ավիվին՝ Թուրքիան մասնատելու ցանկությունների մեջ: Ըստ թուրք վերլուծաբանների՝ Իսրայելը փորձում է ներազդել ԱՄՆ ղեկավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա տարածաշրջանում իր հովանավորությամբ քրդական պետության ստեղծումը: Բնական է, որ քրդական պետության շնորհիվ նախ Իսրայելը տարածաշրջանային նոր լուրջ դաշնակից կունենա, երկորրդը՝ նոր սպառնալիք կստեղծի Իրանի համար, քանի որ Ադրբեջանի վրա իսրայելական վերնախավը վերջին ամիսների ընթացքում հույս այլևս չի դնում:

Բնական է, որ քրդական պետությունը պետք է ստեղծվի նախևառաջ հենց Թուրքիայի կազմում եղած քրդաբնակ տարածքներից, և դա նշանակում է, որ Անկարան այլևս Վաշինգտոնի համար նախկին հետաքրքրություն չունի: Եվ հենց դա է դրդում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ցուցադրել Թուրքիայի կարևորությունը թե տարածաշրջանում, թե գլոբալ հարաբերություններում: Եվ եթե Եվրամիության հետ Անկարան կարող է առևտուր անել փախստականների թեմայի շահարկմամբ, ապա Միացյալ Նահանգների վրա թուրքական իշխող վերնախավը փորձում է ներազդել աշխարհաքաղաքական խոշոր այլ մրցակցի՝ Ռուսաստանի միջոցով: Սակայն ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո թուրքական վերնածավը հայտնվեց ցվայցուգի մեջ: Մի կողմից ռուս-թուրքական հարաբերությունները անհետադարձ սառել են, մյուս կողմից՝ ոչ ոք չգնահատեց այդ քայլը ՆԱՏՕ-ի իր գործընկերների շրջանում, դեռ հակառակը: Եվ Էրդողանը փորձում է հրահրել համաշխարհային խոշոր կոնֆլիկտ, որպեսզի ցույց տա, թե շատ հարցերի բանալին դեռ Բարձր Դռան ձեռքում է (այդպես էին ժամանակին անվանում սուլթանական Թուրքիան):

Այդ հարցում Անկարան հենվում է իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի վրա, ռազնական և ֆինանսական մեծ ներհոսք անելով այնտեղ: Թուրքիան փորձում է իրավիճակը ապակայունացնել նախևառաջ Ղարաբաղյան հիմնահարցի ապասառեցման միջոցով, և հենց այդ նպատակով դրդել է Բաքվին գնալ ապրիլյան արկածախնդրությանը, սակայն՝ իր համար անարդյունավետ: Ապրիլի 14-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն ամփոփվեցին թուրք-ադրբեջանական այդ արկածախնդրության տապալման արդյունքները, այլև նշմարվեցին թուրքական ներգործությամբ տարածաշրջանային նոր կոնֆլիկտների ապասառեցումն ու բորբոքումը: Անկարան պատրաստվում է Ռուսաստանի դեմ օգտագործել միանգամից երկու խոշոր խաղաքարտ՝ Ղրիմի և Նախիջևանի:

Թուրքական վերնախավը դեռ ԽՍՀՄ փլուզումից հետո անթաքույց հավակնություններ ուներ Ղրիմի նկատմամբ, թեև չէր արտահայտվում որպեսզի չկորցնի Ուկրաինայի հետ իր բարեկամական հարաբերությունները: Ղրիմը հանդիսանում է Սև ծովի ավազանի վրա տիրապետության հիմնաքարը, և Անկարայում վերջին մեկ տարում լրջորեն պատրաստվում են հաստատվել այստեղ՝ թաթարների խռովություններ կազմակերպելու միջոցով, ինչպես Սիրիայում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է նաև Ղրիմի թաթարների առաջնորդների հետ, որոնք ՌԴ-ում քրեական որոնման մեջ են հայտարարված: Հենց այդ համատեքստում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ղրիմն ու Ղարաբաղը կվերադառնան իրենց ՙիրական տերերին՚:

Եթե Արցախում թուրք-ադրբեջանական հրոսակի բլիցկրիգը խայտառակ ձևով տապալվեց, ապա Նախիջևանի շուրջ կարող են տեղի կունենան արդեն լռիվ այլ զարգացումներ ։ Նախ Անկարան Մոսկվայի հետ միասին 1921թվականից Նախիջևանի երաշխավորն է: Ըստ Մոսկվայի պայմանագրի` Թուրքիան զիջում էր Նախիջևանի այն ժամանակվա ՙինքնավար տարածքը՚ Ադրբեջանական ՍՍՀ-ին (հոդված 3), իսկ դա նշանակում է որ իրավասու է միջամտել որևէ վտանգի դեպքում, ընդուպ զորքեր տեղակայել։ Ռուսաստանը, իր հերթին, երաշխավորում է, որ մարզը կմնա Ադրբեջանի կազմում` առանց երրորդ երկրին փոխանցման իրավունքի։ Եթե Անկարան զորք մտցնի` Ռուսաստանն ինքնաբերաբար կարող է կորցնել երաշխավորի իրավասությունները և փաստացի` Կարսի պայմանագիրը կարող է դառնալ անվավեր՝ թերևս Հայաստանի համար նաև բացասական հետևանքներով:

Փաստացի, Էրդողանը որոշել է խաղալ ՙվա բանկ՚` քաջ գիտակցելով, որ Նախիջևանի փաստացի անեքսիան համարժեք կլինի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացմանը և խորագույն վիրավորանք ՌԴ նախագահ Վ.Պուտինին։ Դրանով նա կարող է ազդել նաև Ռուսաստանի առաջնորդի ներպետական և միջազգային վարկանիշի վրա։ Միաժամանակ՝ Նախիջևանի շուրջ զարգացումները կազդեն նաև Վրաստանի և Իրանի վրա: Նախիջևանի միջոցով Թուրքիան հարվածի տակ կպահի ստեղծվելիք ՙՔրդական պետության՚ թիկունքը:

Այսպիսով` ՙնախիջևանյան խաղաքարտի՚ գործադրումը կարող է հանգեցնել լրջագույն դիվանագիտական քաոսի, որը, թերևս, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, քանի որ իրավական առումով` Անկարան ունի որոշ առավելություններ և գործելու ուղիներ.. Բացի այդ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան պաշտպանված է ցանկացած ՙպատժիչ՚ գործողություններից… Նման կերպ Էրդողանը կփոխհատուցի Կրեմլին Սիրիայի համար, և կպարտադրի հանուն Անդրկովկասում ստատուս-քվոի պահպանմանը Վ.Պուտինին վերջիվերջո նստել իր հետ բանակցությունների` արդեն իր համար շահավետ պայմաններով…

Ըստ այդմ՝ Թուրքիայի գործող ղեկավարությունը փորձում է հնարավոր միջոցներով ցույց տալ, թե տարածաշրջանային խոշորային դերակատարն է, թե առանց իրեն ոչ Արևմուտքը և ոչ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ոչինչ չեն կարող անել, իրեն անտեսել, էլ ինչ ասած՝ մասնատել անթույլատրելի է: Սակայն քաղաքական նման եսասիրական մոտեցումը կարող է արագացնել թուրքական պետության մասնատումը, ուստի Էրդողանը՝ իր մանկլավիկներով, գնում է նոր արկածախնդրության:

Բագրատ Մովսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին