▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման հետազոտություն է իրականացվել.արդյունքը մտահոգիչ է

Առողջապահության համակարգում իրականացվել ու շարունակում են իրականացվել սոցփաթեթի շահառուների կանխարգելիչ բուժզննությունը: Այս անգամ կատարվել է շագանակագեղձի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման սկրինինգ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Պարզվել է՝ պոլիկլինիկաներից ընտրված ու հետազոտված մոտ 2183 տղամարդուց ամեն 2-րդի մոտ ցուցանիշն անհանգստացնող է եղել:

«Երևանում 40-70 տարեկան 2183 տղամարդուց 935-ը ընդգրկվել է շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում: 585-ին դինամիկ հսկողություն է սահմանվել, այսինքն, ամեն տարի պետք է հետազոտվեն: 23-ի մոտ էլ հայտնաբերվել է միզապարկի քաղցկեղ, որն ի դեպ, միայն չարորակ է լինում: Փաստորեն, ցուցանիշները վերլուծելով պարզ է դարձել, որ հետազոտվողների 43 տոկոսը  բարձր ռիսկի խմբում է ու հետագայում նրանց մոտ կարող է զարգանալ շագանակագեղձի քաղցկեղ, ուստի պետք է շարունակական հսկողության ներքո գտնվեն: Սա շատ մտահոգիչ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանը:

Բժշկի փոխանցմամբ՝ հետազոտության ենթարկված անձանցից որոշներին վիրահատել են, նշանակվել է նաև դեղորայքային բուժում:

Հրաչիկ Պետրոսյանը նկատում է՝ շագանակագեղձի քաղցկեղն աշխարհում տարածված է և շատ կարևոր է դրա վաղ հայտնաբերումը, քանի որ վաղ հայտնաբերման դեպքում մեծ է հիվանդների լիարժեք ապաքինման հնարավորությունը:

«Սա այն ուռուցքներից է, որ հիմնականում առանց գանգատների է լինում, հայտնաբերվում է պատահական: Ուստի, ցանկացած տղամարդ 40 տարեկանից հետո անպայման պետք է հետազոտվի»,-ընդգծեց Հրաչիկ Պետրոսյանը:

Բժշկի խոսքով՝ հիվանդության զարգացման հիմքում մեծ դեր ունի ժառանգականության գործոնը, որին հաջորդում են ոչ ճիշտ ապրելակերպը, ծխելը ու մի շարք ռիսկային գործոններ: Եվ, որքան երիտասարդ տարիքում է հայտնաբերվում քաղցկեղը, գրեթե 7 անգամ ավելի մեծ է ժառանգի մոտ ևս հայտնաբերելու հավանականությունը:

Մեր դիտարկմանը՝ ՀՀ-ում շագանակագեղձի քաղցկեղի հայտանբերման դեպքում հնարավո՞ր է ամբողջական բուժում իրականացնել և ի՞նչն է հիվանդների կողմից  ասենք Գերմանիայում բուժում ստանալը գերադասելու պատճառը, Հրաչիկ Պետրոսյանը պատասխանեց.

«Հայաստանում լիարժեք կատարվում է վիրահատությունը: Եղել են դեպքեր, որ Գերմանիայից կրկին հետ են ուղարկել հիվանդին Հայաստան՝ հրաժարվելով վիրահատել: Ասել են՝ ինչո՞ւ ես այստեղ ահռելի գումարներ ծախսում, եթե ձեզ մոտ էլ կան լավ բժիշկներ»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին