▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի զեկուցել են, թե Լիցկան չի կրակել իմ որդիների վրա, ես կապացուցեմ հակառակը. Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված Ավետիք Բուդաղյանի և հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին:

 

«Մեծարգո նախագահ.

Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս` Արտակը աչքի է ընկել դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար: Իմ մասին Դուք` լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել:

 

Հանրահայտ է նաև Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը` ոչ միայն Գորիսում, Սյունիքում ու Ղարաբաղում, այլ` ողջ Հայաստանով մեկ: Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ: Նաև` հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Լիցկյա» մականունով) բազմաթիվ «քաջագործությունների» շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է` լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ` իր հայրենիքը: Այդ «քաջագործություններից» բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը` «քացի տալը», որի համար նա, ինչպես և իր մյուս բոլոր չարագործությունների համար պատասխանատվություն չկրեց:

 

Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի ամդամների հետ մեր շփումները: Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս` Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև` իջեցրել ճանապարհին:

 

Նույն օրը երեկոյան Ս.Խաչատրյանը, իր որդիներն ու թիկնապահները սպանել են Ավետիքին և ծանր վիրավորել մյուս որդուս` Արտակին:

 

Այս ոճրագործությունը ցնցեց ողջ հանրությանը, բոլորը համոզված էին, որ այս անգամ «Լիցկյան» անպատիժ չի մնա: Այդ համոզմունքը փոխանցվեց նաև ինձ և ես ապավինեցի արդարադատությանը, կարծելով, որ նույնիսկ «Լիցկյան» իր հովանավորների հետ միասին չի կարող կոծկել այս ոճրագործությունն ու անպատիժ մնալ:

 

Սակայն դեպքից մի քանի օր անց ՀՀ զինվորական դատախազը և Սյունիքի մարզպետարանը (համզոված եմ` փոխհամաձայնեցված կերպով) հրապարակային հայտարարություններով հանդես եկան, որորցում դեպքը ներկայացրեցին գլխիվայր շուռ տված: Ու նրանց հայտարարությունների հետ զուգահեռաբար (համոզված եմ` նույն անձանց կողմից ուղղորդված) համացանցում հայտվեց մոնտաժված և կեղծված մի տեսանյութ, որը այնպես հմուտ էր կեղծված, որ տպավորություն էր ստեղծում, թե գալով դեպքի վայր, հարձակվել են իր տղաները, թե իբր` առաջինը կրակել է Արտակը (այն դեպքում, երբ գործով հիմնավորվել է, որ նա առհասարակ չի կրակել), իսկ Տիգրան Խաչատրյանի (ով իրականում առաջինն էր կրակել) կրակոցները առհասարակ չեն երևում: Զուգահեռաբար լուրեր էին տարածվում (հնարավոր է` այդ լուրերը հասած լինեն նաև Ձեզ), թե իբր Արտակը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ:

 

Այս ամենը կատարվում է մի պարզ նպատակով` հասարակության և իշխանությունների մոտ դեպքի հանգամանքնեը կեղծված ձևով ներկայացնելով հող նախապատրաստել` «Լիցկյայականներին» օգնելու համար:

 

Արդյունքում, Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, այլ դրա փոխարեն այսօր հող է նախապատրաստվում նրա որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով բազմաթիվ կրակոցներ է արձակել որդիներիս վրա, օգնելու համար:

 

Այստեղ-այնտեղ, բազմաթիվ պաշտոնյաների (հնարավոր է նաև` Ձեր) մոտ լուրեր են տարածում, թե իբր Արտակի արյան մեջ ալկոհոլի բարձր պարունակություն է հայտնաբերված եղել, խոսվում է 4 մգր/լ պարունակության մասին, այն դեպքում, երբ հայտնաբերվել է 1 մգր/լ պարունակություն, ընդ որում` այդ պարունակությունը ոչ մի կապ չունի դեպքի հետ, քանի որ արյան նմուշը վերցվել է դեպքից 6 օր անց: Զուգահեռաբար լռում են Տիգրան Խաչատրյանի մազերի և մեզի մեջ թմրամիջոցների առկայության մասին, ինչը միանշանակ վկայում է, որ նա դեպքի ժամանակ եղել է թմրամիջոցների ազդեցության տակ:

 

Վերջին օրերին տեղեկություններ են գցել շրջանառության մեջ, թե իբր` Արտակը հրաժարվում է ցուցմունք տալուց, առերեսումների մասնակցելուց, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Նունիսկ այն հանգանանքը, որ Արտակը` դեռևս չապաքինված, իր զորամասի հրամանատարությունն է իրականացնում, օգտագործում են նրա դեմ, ասելով, թե իբր եթե իրականում առողջական պրաբլեմներ ունենար` չեր գնա զորամաս ու չէր իրականացնի իր պարտականությունները: Արի ու բացատրի այս` բանակից անտեղյակ «զինվորականներին», թե ինչպես է իսկական հրամանատարը մի կողմ թողնում իր առողջական ու մնացած խնդիրները, եթե ծառայողական անհրաժեշտություն է առաջանում:

 

Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին, ընդ որում, այդ մեղադրանքը հորինված է զուտ այն բանի համար, որպեսզի ինչ-որ հավասարակշռության պատրանք ստեղծվի «Լիցկյայականների» ու իմ որդիների գործողությունների միջև:

 

 

Տեսնելով, որ գոյություն ունեցող մեղադրանքը անհեթեթություն է, այժմ նոր, ավելի ծանր մեղադրանք են մոգոնում, որպեսզի մեզ ստիպեն հաշտվել այն մտքի հետ, որ պետք է օգնեն Սուրիկ Խաչատրյանի կողմին: Այդ կեղտոտ սցենարի մասին վաղուց արդեն մեզ զգուշացրել էին, քանի որ պարզվում է` այդպիսի «հնարքներ» զինդատախազությունը բազմիցս է կիրառել, երբ ցանկացել է հովանավորել կողմերից մեկին: Ինձ դա թվում էր անհավանական, մինչև որ ինքս չբախվեցի այդ կեղտոտ իրականության հետ»:

 

Այժմ էլ քննչական մարմնի ու դատախազության բոլոր հաղորդագրությունները վերաբերվում են Արտակ Բուդաղյանին, կարծես թե այս գործով ամենագլխավոր դերակատարը նա լինի: Միաժամանակ ամեն ինչ անում են` իրական մեղավորներին մոռացության ենթարկելու, Լիցկյային տեսադաշտից հանելու համար:

 

Մինչդեռ ես միշտ հիմնավոր կերպով պնդել եմ, որ Լիցկան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

 

Ձեզ երևի զեկուցած լինել, թե Սուրիկ Խաչատրյանը չի կրակել իմ որդիների վրա: Ես կապացուցեմ հակառակը, եթե քննությունը օբյեկտիվ ընթանա:

 

Սակայն, այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյող Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկկա են բավարար ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով: Այսպես. քրեական գործով հաստատվել է, որ Տիգրան Խաչատրյանը իմ որդիներին կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից: Այդ դեպքում, ինչու՞ Սուրիկ Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով,քրեական գործով հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավվել է «PIETRO BERETTA» դրոշմվածքով ինքնաշեն ատրճանակ: Այդ դեպքում, ինչու՞ Սուրիկ Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով:

 

Իմ ամբողջ կյանքում ոչ ես և ոչ էլ որդիներս չէինք առնչվել քննչական մարմինների և դատախազության հետ և հիմա ինձ համար կրկնակի ցնցում է տեսնել, թե ի՞նչ անընդունելի մեթոդներով են այդ մարմիններն աշխատում: Իմ որդիների արյունը նրանք դարձրել են սակարկության առարկա, փորձելով մեզ ճնշելու, իմ տղային վարկաբեկելու և կերծ մեղադրանքներ ներկայացնելու միջոցով պահանջատիրոջից ինձ դարձնել պաշտպանվող: Որքանով ես կարողացա համոզվել այս գրեթե երեք ամիսների ընթացքում, իրավապահ մարմիններում ոչինչի հնարավոր չէ հասնել, եթե դիմացինդ ազդեցիկ շրջապատ և ընկերներ ունի: Ես չեմ մոռացել, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը դեպքից մոտ մեկ ամիս անց հրապարակայնորեն գովում իր ընկերներին, ովքեր այդ դեպքի հետ կապված հովանավորել էին իրեն:

 

Ես կորցրել եմ իմ որդուն և նրան այլևս հնարավոր չէ վերադարձնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմ` թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին