2013 թվականի մարտ ամսին Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը հարվածել է իր առարկայից գրավոր հանձնարարությունը չկատարած աշակերտին, որից հետո երեխան կորցրել է ձախ աչքի տեսողությունը:Այս մասին Asekose.am-ին հայտնել է աշակերտի ազգական Ինգա Սարուխանյանը: Նա պատմում է, որ 6-րդ դասարնի աշակերտ Գևորգ Սարուխանյանը`իր հորեղբոր որդին, չի կարողացել ուսուցչի հանձնարարած 3 էջն էլ գրել, ինչի պատճառով Գալոյանը բարկացել է աշակերտի վրա, պտտեցրել է ձեռքի մատանին ու հարվածել Գևորգի գլխին՝ քներակի հատվածում: Դրանից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ցանկացել է պայուսակից ջուր հանել, խմել, ուսուցչուհին արգելել է` նշելով որ այդ կերպ պատժում է երեխային:
Դեպքից հետո Գևորգը սկսել է բողոքել գլխացավից ու ակնացավից, հետո պատմել է, որ Գալոյանն է խփել: Որոշ ժամանակ անց դպրոց եկած բժիշկները երեխայի մոտ տեսողության լուրջ խնդիր են հայտնաբերել ու տեղեկացրել են ծնողին: Մայրը երեխային տարել է Մալայան անկաբուժական կենտրոն, որտեղ էլ հայտնել են, որ երեխայի աչքի տեսողությունն իջել է մինչև 10%, գլխի շրջանում՝ քունքի մոտ ստացած հարվածի արդյունքում աչքի թաղանթը մահացել է, ինչն էլ անբուժելի հիվնադություն է:
Ախտորոշումից մի քանի օր անց Սուսաննա Գալոյանն ինքն է այցելում Գևորգին, փորձում է հերքել իր արարքը, սակայն տղան պնդում է, որ նրա հարվածից հետո է խնդիրն առաջացել: Ուսուցչուհին էլ ստիպված խոստովանելով մեղքը, ասում է, թե ինքը կտանի կբուժի: Սակայն, բժիշկների հավաստմամբ, հիվանդությունն անբուժելի է: Ինգա Սարուխանյանը պատմում է, որ Գևորգի ծնողները գնացել են տնօրենի մոտ , որտեղ հանդիպել են նաև Գալոյանի ամուսնուն: Վերջինս խնդրել է ծնողներին չբողոքել, որ ինքը բուժման ծախսերը կհոգա միայն թե խայտառակ չլինեն: Գևորգի ծնողները հրաժարվել են ֆինանսական աջակցությունից և պահանջել են, որ մեկ ամսվա ընթացքում նրան հեռացնեն աշխատանքից: Մանկավարժի ամուսինն ասել է, որ Գալոյանը 62 տարեկան է մեկ տարի էլ պետք է աշխատի, որ թոշակի անցնի: Աշակերտին ծեծող մանկավարժը մինչ օրս ազատված չէ աշխատանքից:
Գեւորգի հայրն էլ գնացել, բողոքել է ոստիկանությունում: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, հարցաքննել են թե երեխային, թե ծնողներին:
Ինգա Սարուխանյանը տեղեկացրել է նաև, որ Սուսաննա Գալոյանը մինչ Դարակերտ գյուղի դպրոցում աշխատելը, դասավանդել է Նորաբաց գյուղի դպրոցում, որտեղից էլ նրան հեռացրել են աշխատանքից աշակերտ ծեծելու համար:
Ներկայումս Գեւորգը դեղորայքային բուժում է ստանում, որպեսզի գոնե պահպանեն տեսողության 10 տոկոսը, այն այլեւս վերականգնել հնարավոր չէ, թաղանթը մահացել է եւ բուժման ենթակա չէ: