▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու խոսք կարգին Հայկոյին, իր ընկերներին և ոչ միայն

Անկում ապրող հասարակությունում, իրական արվեստը պետք է արտացոլի առկա բարոյալքումը: Եթե արվեստը ցանկանում է կատարել  իր սոցիալական դերը, նա պետք է ցույց տա աշխարհի հեղհեղուկությունը և նպաստի նրա վերափոխմանը: Էռնստ Ֆիշեր:

Շատ սիրելի երիտասարդներ: Ձեր աջակցությամբ ու ինչու ոչ, նաև ակտիվ միջամտությամբ, Երևանցիները և ի դեմս նրանց ողջ հայ ժողովուրդը այսօր տոնում է տարիներ սպասված իր առաջին, թվացյալ փոքր, սակայն Մեծ հաղթանակը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ… Բայց կյանքը շարունակվում է…
Բոլորին է հայտնի, որ մեր հանրային կյանքում առկա են բազում չլուծված խնդիրներ, որոնք ոչ միայն մարդկանց նյութական անբարենպաստ վիճակի արտացոլումն են, այլ առաջին հերթին պայմանավորված են մեր հասարակությանը համակած խորը հոգևոր-բարոյական անկումով: 
Այսօր մեզանում, դժբախտաբար առաջին հերթին նաև երիտասարդության մեջ, ընթանում են բարքերի անկման խորքային, կարծում եմ, անդարձելի պրոցեսներ: Տեղի է ունենում Հայության կողմից հազարամյակների ընթացքում ձևավորված և իր գոյության ու մշտնջենական լինելիության հիմքը հանդիսացող գլխավորագույն գաղափարների արժեզրկում ու փոշիացում: Փոխարենը, որպես նոր, իբր առաջադեմ գաղափարներ են հրամցվում և չափազանց դյուրին մեր իրականության մեջ իրենց տեղն են գտնում, մարդուն, անգամ ոչ կենդանական բնազդներով առաջնորդվող, այլ անասնական անհագ ցանկությունների բավարարմամբ միայն իրենց կյանքն անցկացնել բաղձացող արարածների վերածող գաղափարներ: Այս արարածների համար առաքինությունն ու բարոյականությունը, սերն ու նվիրումը, մարդկային փոխօգնությունն ու բարեկամությունը, ազգը, հավատն ու հայրենիքը և մի շարք այլ, ճշմարիտ արժեքներն առհամարելի են և անգամ համարվում են մարդու առաջընթացը խոչնդոտող գաղափարներ: Փոխարենը, որպես գերագույն արժեքներ են հռչակված նյութը, փողը, ունեցվածքը, բարգավաճությունն ու մարմնավոր բարեկեցությունը և սրանցով պայմանավորված գաղափարները, որոնք մարդկային ճշմարիտ տրադիցիաները փոշիացնող, ազգը քայքայող, վերջապես մարդուն ագրեսիվ սպառողի վերածող գաղափարներ են: Այս ամենն իրականացնելու համար օգտագործվում են բոլոր` առաջին հերթին մեդիա միջոցները: Թվացյալ  «անշառ» կարաոկե և գիշերային ակումբները, գլամուրային հավաքույթները /тусовка/, հեռուստատեսային զանազան շոու- մրցույթներն ու ամեն բան զավեշտի վերածող «ծիծաղաշարժ» ծրագրերը, ցոփ ու շվայտ կյանքը գովազդող  «կամոբլոգները», «տատուաժներն»՛ ու էլչգիտեմինչերը, «21 դարի» շուրջօրյա երգող չպլախ մարմինները, ամեն անկյունից որպես երաժշտություն մատուցվող աղմուկ աղաղակը և այլն, ուղղված են մեկ գերագույն նպատակի` շատ արագ մարդուն, առաջին հերթին երիտասարդությանը, մարդ մարդուց վերածել անհոգի, միայն անասնական անհագ ցանկությունների բավարարման մասին երազող ու դրանով ապրող մարդ- կենդանիների: 
Այս ամենի մեջ, սիրելի Հայկո և ընկերներ, անուղղակիորեն նաև դուք եք ներքաշված, քանզի այս ամենը, ձեր համար աննկատ, իրականացվում է նաև ձեր միջոցով /այսօր շատ շատերը խոսում են բերանները ծռմռելով, նույն ժարգոններով, պպզած և այլն /… Դուք մեդիատիրույթներում եք, հայտնի, ճանաչված և սիրված եք բոլորի կողմից և եթե համամիտ եք Էրնստ Ֆիշերի սահմանմանը, ապա որպես արվեստի մարդիկ, որպես Աստծո կողմից տաղանդ ու շնորհ ստացած անձնավորություններ, որպես Հայ մտավորականներ, խնդրում եմ, լծվեք Հայությանը, ձեր քույրերին ու եղբայրներին այս անկումից դուրս բերելու Առաքելության իրականացմանը: Ոչ ոք, ոչ կառավարողները, ոչ ընդդիմադիրները, ոչ տարանուն կուսակցությունները, ոչ հասարակական կազմակերպությունները ի վիճակի չեն հասկանալ, առավել ևս իրականացնել այս ամենը: Դուք և միայն դուք եք ի զորու շտկել վիճակը…Փորձեք խորքով ընկալել Ֆիշերի այս ասույթը և մի բան անել, շատ կարևոր մի բան՝ գտնել այն միակ՝ մարդկանց դեպի ճշմարիտ լույսն ուղղորդող ճանապարհը և առաջնորդելով, նրանց դուրս բերել այս փայլփլուն խավարից…
Հ.Գ. Հայկոյի և իր ընկերների  «շահերի պաշտպաններին» խնդրում եմ զերծ մնալ այդ անշնորհակալ գործից և այդ տեսանկյունից չմեկնաբանել գրվածքը, քանզի ոչ Հայկոն, ոչ էլ նրա ընկերները դրա կարիքը չունեն…

Հեղինակ` Արտաշես Փափազյան 

Ավելի վաղ հեղինակը, ևս մեկ անգամ անդրադառնալով վերոհիշյալ թեմային իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հարգելի երիտասարդներ: Շատ գովելի և խրախուսելի է քաղաքացիներին անձնական օգտագործման ավտոմեքենաներով անվճար փոխադրելու ձեր վեհանձն նախաձեռնությունը, և կարծում եմ` շատ երիտասարդների համար այն օրինակելի կարող է լինել… ԱՊՐԵՔ: Սակայն, մեկ-երկու նկատառում ունեմ, եթե թույլ կտրվի, իհարկե: 

Սիրելի Հայկո և ընկերներ: Մենք ազգովի այսօր խորը ճգնաժամ ենք ապրում, որն առկա է մեր կենսագործունեության անխտիր բոլոր ոլորտներում: Այն շատ-շատերը պատճառաբանում են երկրի ֆինանսա-տնտեսական անբարենպաստ դրությամբ… Սակայն այսօրվա մեր վիճակը, կարծում եմ, առաջին հերթին մեր ժողովրդի հոգևոր-բարոյական անկմամբ է պայմանավորված: Ժողովրդի հոգեբարոյական լքվածության, անհուսության, անօգնականության այս վիճակը կասեցնելու գործում մեծ դերակատարում կարող է ունենալ մեր երիտասարդ մտավորականությունը, հատկապես շատ-շատերի կողմից սիրված, շատերի հարգանքը վայելող, որոշակի ձիրք և տաղանդ ունեցող, ազդեցությամբ օժտված, հատկապես մեդիա տարածքներում հաճախ երևացող ձեր նման երիտասարդները: Սիրելիներս: Այն, ինչ այսօր մեծագույն ջանքերով, հաճախ ապարդյուն, փորձում են անել մեր հասարակության տարբեր ներկայացուցիչները, խմբերը, դուք կարող եք իրագործել մի ներկայացմամբ, մարդկանց ոգևորող մի գործ բեմադրելով, ԴԱՐՁԻ ՈւՂԻՆ երևակող մեկ արարվածքով… Մեզանից ամեն մեկը, եթե իր ոլորտում փորձի դեպի ճշմարիտ կարգն ուղղված գործունեություն ծավալել, ամեն բան կդառնա ի շրջանս յուր. կդադարի արտագաղթը, կփոխվի մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ, կսկսի գործել մեր տնտեսությունը, կհզորանան գյուղական համայնքները, վերջ կդրվի ներկայիս այս սոդոմ-գոմորին…
Իսկ եթե շարունակում ենք նույնն անել, ինչ որ արել ենք մինչ այժմ՝ ծռմռված բերաններով խոսող կիսահիմարների դերեր կերտել, ինչն ազդեցություն է ունենում ոչ միայն հասարակության (այսօր երիտասարդության զգալի մասը խոսում է ծռված բերանով` անուղղակիորեն դառնալով նաև այս ծռմռված արժեհամակարգի կրողն ու ջատագովը, ովքեր հեշտությամբ ճանաչելի են հենց կոնկրետ որպես տրանսպորտային թանկացումները հիմնավորող և գծերին տիրություն անողներ), այլ նաև քեզ վրա, հարգելի Հայկո, ապա ոչինչ չի փոխվի, և սեփական ավտոմեքենաներով մարդկանց անվճար փոխադրման նախաձեռնությունն անգամ այս պարագայում գնահատվելու է որպես սեփական անձերի փառաբանմանն ուղղված ՓԻԱՐ ակցիա…
»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին