Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է պաշտոնյա ու գործարար կանանց հետ հանդիպում: Միջոցառմանը ներկա էին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարարի տեղական Տաթևիկ Ստեփանյանը, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, փոխմարզպետներ, ավագանու անդամներ:
Տարեվերջյան միջոցառումը կազմակերպվել է անմիջական շփման հարթակ ընձեռելու նպատակով, որտեղ նոր ծանոթություններ ձեռք կբերեն թե´ բիզնեսի ներկայացուցիչները, թե´ պաշտոնատար կանայք:
Անկաշկանդ շփումը իրական նվեր է` ելույթում ընդգծել է Աննա Հակոբյանը:
«Ես 2020 թվականի պատերազմից հետո շատ մեծ կոնֆլիկտ ունեի ինքս ինձ հետ, մեր կանանց հետ, մեր տղամարդկանց հետ, մայրերի հետ: Մեր իրականության մեջ գոյություն ունեցող բացասական երևույթները բոլորը միանգամից աչքիս առաջ էին գալիս: Մեղադրանքներ ունեի մեզ ուղղված, և հիմա տեսնում եմ, որ դա այդքան էլ արդար չէր, որ հայ կինը իրականում ավելին է քան այն իրականությունը, որ մենք ունենք, պարզապես հայ կնոջը պետք է հնարավորություն տալ, պետք է ազատություն տալ, դրսևորվելու շանս տալ: Մենք այդ շանսը ունենք այսօր և դա տեսանելի է ամեն վայրկյան, ամեն քայլափոխի»,- ասել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկնոջ խոսքով, այս հանդիպման ընթացքում յուրաքանչյուրի պատմությունն ու կատարած աշխատանքը, կանանց չկոտրվող կեցվածքի ցուցադրումը, ինչպիսին զոհված հերոսների մայրերինն է, դա ապագայի գրավականն է: Կանանց, մայրերի ափերում է պետք փնտրել պետության ճակատագիրը և սա չափազանցված արտահայտություն չէ:
Աննա Հակոբյանը հորդորել է ներկաներին օգտվել հնարավորությունից, նոր կապեր հաստատել, կիսվել սեփական օրինակով, վարակիչ դառնալ մյուսների համար:
Սրահում ներկայացված էր նաև գործարար կանանց ապրանքատեսակներն ու ձեռքի աշխատանքները: Վարչապետի տիկինը ծանոթացել է տեսականուն, ինչպես նաև առանձին ու անմիջական շփումներ ունեցել բազմաթիվ հյուրերի հետ: