▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ցուցակում խցկվող տղա չեմ․ Գևորգ Պետրոսյան

 

Քաղաքականությունից հեռանալու որոշմանս մասին շատերն ասում են, որ ուղղակի չընդգրկվեց որևէ ցուցակում, հեռանում է: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ այդ խոսակցությունները տարածում են պարապ մնացած մարդիկ, իսկ քաղաքական շատ լուրջ դեմքեր և տարբեր ընկերներ իր հայտարարությունից հետո պարբերաբար զանգում և խնդրում են՝ չանել նման բան։ Նշենք, որ երեկ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ԱԺ լիազորությունների դադարեցումից հետո ժամանակավոր կլքի քաղաքականությունը։

«Ասում են՝ Քոչարյանն օգտագործեց Ձեզ և ցուցակում չընդգրկեց։ Ես օգտագործվող մարդու նմա՞ն եմ, սաղ կյանքում ես եմ օգտագործել, երբ անհրաժեշտ ա եղել։ Քոչարյանն ինձ որևէ բան չի խոստացել։ Մենք մի անգամ հանդիպել ենք, շատ ջերմ մթնոլորտում, ես իրեն շնորհակալություն եմ հայտնել, որ ինքը գիտակցված համարձակություն է ստանձնել երկիրն էս վիճակից դուրս բերելու համար։ Ես սատարելու եմ Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա նշեց՝ միայն ՀՀ երկրորդ նախագահի մեջ է տեսնում այն անհատականությունը, որ երկիրը դուրս է բերելու այս խայտառակ կործանումից։ Պետական պաշտոնի, նրա խոսքով, պետք է գնալ այնպիսի երկրում, որի ժողովուրդն ունի ճիշտ կառավարվելու մշակույթ։ Իսկ Հայաստանում ժողովրդի մեծ մասը չունի ճիշտ կառավարվելու մշակույթ․

«Ես պայքարում եմ համասեռամոլության դեմ, պայքարում եմ Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը նսեմացնող նախագծերի դեմ ու ինձ գրում են՝ թաղեմ քեզ, կպնում են իմ ընտանիքի անդամներին։ Էս ժողովուրդը շատ անշնորհակալ ժողովուրդ ա»։

Գևորգ Պետրոսյանը նշեց՝ մինչ պետական պաշտոնի անցնելն ինքն ավելի բարձր աշխատավարձով և անժամկետ պայմանագրով աշխատանք է ունեցել և պաշտոն ստանձնելով ու թալանով չզբաղվելով՝ կրել է նյութական կորուստներ․ «Ես եկել եմ անշահախնդիր, աշխատել եմ աշխատավարձով և ի տարբերություն Լենա Նազարյանների, որ ասում էին՝ «500 հազար դրամով աշխատելով հո մենք հերոս չէ՞ինք լինելու», ես դրան էլ եմ գնացել, գնացել եմ բոլոր սրացումներին։ Չի գնահատվում: Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից, բայց օգտվելու եմ կարծիք հայտնելու իմ իրավունքից։ Մենք դեռ կհանդիպենք»։

Իշխանության կազմում, նրա խոսքով, չէր կարող լինել՝ իր իրավական կարգավիճակը հաշվի առնելով, բայց նաև ցանկություն չուներ այսօրվա ընդդիմության կազմում լինելու․ «Ես ասել եմ՝ էս ընտրապայքարը թողեք, ցուցակներում գզվռտոց է գնում, ասում են՝ սպանում են իրար ցուցակների համար։ Ես իմ օրինակով ապացուցեցի, որ ես ցուցակում խցկվելու խնդիր չունեմ, ես ցուցակում խցկվող տղա չեմ»։

Ընդդիմությունից հիասթափվել է, քանի որ, ինչպես նշեց, 8 ամիս մարդկանց պտտեցին քաղաքում, վերջում ասացին՝ գնացեք տուն․ մարդիկ նույնպես հիասթափված են։

«Ես ուզում եմ քաղաքականությունից դուրս գալ, որ ավելի ազատ լինեմ իմ կարծիքի մեջ։ Իրանց թվում է՝ ես քաղաքականությունից դուրս եկա, խոցելի եմ լինելու։ Ես ավելի անխոցելի եմ լինելու։ Եթե մինչ այս ինձ պահել են պատգամավորական էթիկայի կանոնները, ես որ դուրս եկա, դուք ավելի մեծ պրոբլեմներ եք ունենալու», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին