▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 19.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Ես որպես «կնոպկա» չեմ աշխատել, մինչեւ վերջ գնալու եմ. Անույշ Խուդավերդյան

Իրավունք թերթը գրում է․ Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանի ավագանու անդամ, «ԴՕԿ»  կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը զրկվեց ընտրությունների արդյունքում երեւանցիներից ստացած մանդատից: Երեւանի ավագանու իշխանական թեւն ու որոշ «ընդդիմադիրներ» միասնաբար քվեարկեցին Խուդավերդյանի դեմ՝ պատճառաբանություն բերելով նիստերից բացակայելը: Անույշ Խուդավերդյանը դատի էր տվել եւ ներկայացրել ապացույցներ, որ իր բոլոր բացակաները հարգելի են եղել: Այսպիսով՝ հունվարի 29-ին կայացավ այս գործով հերթական դատական նիստը, որին արդեն նախկին ավագանին ներկայացավ իր շահերը ներկայացնող պաշտպանի՝ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ:

Դատական այս գործն ուշագրավ է հատկապես Երեւանի ավագանիում գործող երկակի ստանդարտների համատեքստում: Օրինակ, 2023 թվականից մինչ օրս ավագանու նիստերին ընդամենը մեկ անգամ, այն էլ վերջերս է մասնակցել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Հանրային ձայն» խմբակցություն անդամ Արտակ Գալստյանը ընդհանրապես չի մասնակցել ոչ մի նիստի, սակայն, նրանցից եւ ոչ մեկը չի զրկվում մանդատից: Ընդ որում՝ եթե հաշվի առնենք, որ ավագանին կարող է տնային կալանքի տակ գտնվող Ա. Գալստյանի բացակայությունը համարել հարգելի, ապա, միեւնույն է, հարց է ծագում՝ իսկ Զ. Փոստանջյանի դեպքո՞ւմ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք գտնել Ա. Խուդավերդյանի հետ զրույցում:

— Մի՞թե այս իշխանությունը չէր բղավում, որ օրենքը բոլորի համար հավասար է: Ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր դեպքում հափշտապ կայացվեց մանդատից զրկելու որոշում, իսկ մյուսների դեպքում աչք է փակվում:

— Այդ նույն հարցը ես տվել եմ նաեւ դատարանում՝ քաղաքապետարանի շահերը ներկայացնող քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցչին: Վերջինս չկարողացավ պատասխանել իմ հնչեցրած հարցին: Առհասարակ ներկայացուցիչը ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել, որոնք բարձրաձայնվեցին ե՛ւ իմ, ե՛ւ իմ շահերը ներկայացնող Գեւորգ Պետրոսյանի կողմից: Պատճառաբանեց, որ տեղյակ չէ՝ կճշտի, նոր կպատասխանի: Ինչպես գիտենք, դատական բոլոր նիստերը ձայնագրվում են եւ պետք եղած դեպքում, հետագայում կրիչները կպահանջենք ու կներկայացնենք հանրությանը:

Եկեք նկատենք, որ, առհասարակ, ընդդիմադիր ավագանու այն անդամները, ովքեր գնում են քաղաքապետի հետ գործարքի, իրենց մոտ ոչ մի տեսակի խոչընդոտ չի առաջանում: Հիշենք ավագանու վերջին նիստը, որն ընդդիմադիրներն էին հրավիրել, եւ այն տապալվեց, որովհետեւ, միեւնույն է, մեկ ձայն պակասելու էր: Ու այստեղ էլ հարց է առաջանում՝ եթե, իսկապես, ընդդիմադիրները ցանկանում են որեւիցե նախագիծ անցկացնել՝ հօգուտ քաղաքացու ու լավ գիտակցում են, որ այդ մեկ ձայնը շատ որոշիչ է իրենց համար, ինչո՞ւ չեն պահանջում, որ, օրինակ, Արտակ Գալստյանի մանդատի հարցի վերջնական լուծում ստանա: Հարցերը շատ-շատ են եւ մեր քաղաքացիները վստահ եմ՝ ամեն բան լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում: Քաղաքապետին հարկավոր է ընդդիմությունից 2-3 ձայն՝ հաստատուն մեծամասնություն ունենալու համար, իսկ այդ, այսպես ասած, ընդդիմությունը, ապահովում է այդ ձայները՝ ցանկացած որոշում ընդունելու համար, ինչպես որ եղավ իմ բոյկոտելու օրը:

— Կհիշեցնե՞ք մասնավորապես ինչին էր վերաբերում Ձեր բոյկոտը, որը նույնպես որակվեց՝ իբրեւ ոչ հարգելի բացակայություն:

— Ինքս լավ իմանալով, որ գործարք է տեղի ունենում՝ բոյկոտեցի եւ չբարձրացա նիստերի դահլիճ: Դա եւս համարեցին բացակայություն: Հաջորդ բացակաս եղել է քաղաքացու ահազանգի հետքերով շտապ դեպքի վայր մեկնելու համար, ինչի արդյունքում փրկել ենք քաղաքացու կյանքը, որից հետո շենքը, որտեղ նա էր ապրում, փլվել է: Չէ որ մենք ընտրվել էինք քաղաքացուն օգնելու, նրա խնդիրները բարձրաձայնելու եւ լուծելու համար: Հետեւաբար, անհեթեթ պատճառանբանություն է՝ իմ բացակայությունը ոչ հարգելի համարելը: Ցանկանում եմ հստակ գիտակցեն իշխանություն եւ ոչ միայն իշխանությունը ներկայացնող անձինք՝ ես որպես «կնոպկա» չեմ աշխատել եւ չեմ աշխատի: Սա ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ անձնական հարց է: Ու, ինչպես տեսնում ենք, Զարուհի Փոստանջյանի օրինակով, բնավ կապ չունի բացակայության հետ: Հակառակ դեպքում՝ առաջինը նա, ում պետք է հեռացնեին ավագանուց, կլիներ Փոստանջյանը:

— Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկին ավագանու անդամ Անուշ Գինոսյանը: Տեղյա՞կ եք նրա գործողություններից:

— Այո, իհարկե: Գինոսյան Անուշի դատական նիստը, պարզապես, հետաձգվել է դատավորի վատառողջ լինելու պատճառով: Սակայն, մինչեւ վերջ գնալու ենք: Այսպես շարունակվել չի կարող: Իմ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 12-ին: Հուսանք՝ դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, կգրանցվի:

— Ըստ Ձեզ, արդարությունը կհաղթի՞, Ձեր մանդատը կվերականգնվի՞:

— Եթե դատարանները աշխատեն ազնիվ ու չկատարեն իշխանության կողմից հնչեցրած կարգադրությունները, ապա միանշանակ կվերականգնվի եւ արդարությունը կհաղթի: Սակայն, ցավոք, այսօր դատարանների մեծ մասը ղեկավարվում եւ հսկվում են իշխանությունների կողմից:

Հեղինակ՝ Նանա Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին