Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասան Գուրգեն Սարգսյանը, ով վերջին ամիսներին ներկայանում է որպես հեռուստասերիալների ռեժիսոր:
-Գուրգեն, վերջերս Ձեր ուժերն եք փորձում ռեժիսորի մասնագիտությունում ու ըստ արձագանքների դա ստացվում է Ձեզ մոտ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կայանում Ձեր գործունեությունը այս բնագավառում:
- Սկիզբը դրվեց «Աբելի քույրը» հեռուստասերիալով: Այն որոշ ժամանակ հեռարձակվելուց հետո Ելենա Արշակյանը ինձ հարցրեց, թե ծանոթ ու վստահելի ռեժիսոր չգիտեմ արդյոք, որպեսզի ռեժիսորի օգնականի աշխատանքով զբաղվի: Այդ ժամանակ առաջարկեցի, որ ինքս փորձեմ ու փաստորեն հաջողվեց: Մեկ շաբաթ անց ռեժիսորի օգնականը փոխարինվեց ռեժիսորի, իսկ հիմա արդեն երկրորդ աշխատանքն ենք անում: Այս տարեսկզբին մեկնարկեց «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալը, որի ռեժիսորի աշխատանքը կրկին Ելենան վստահեց ինձ: Ըստ արդյունքների, Փառք Աստծո, կարողանում եմ արդարացնել ինձ վստահողների սպասելիքները:
-Գուրգեն, հեռուստասերիալներում աշխատած շատ դերասաններ Ձեր անունը տալով նշում են, որ հեշտ ու արդյունավետ է աշխատել դերասան-ռեժիսորի հետ: Այս առումով դուք ի՞նչ կարծիք ունեք:
- Իհարկե, շատ հաճելի է, որ դերասանները իմ հասցեին նման կերպ են արտահայտվել: Բայց ես պետք է ասեմ, որ շատ-շատ բաներ սովորել եմ իմ վարպետից՝ Արմեն Մազմանյանից, ով մեզ սովորեցրել է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլեւ թե ինչպես է ճիշտ շփվել մարդկանց հետ: Պետք է կարողանալ դերասանի հետ շփվել այնպես, որ առաջին հերթին ինքն իրեն լավ զգա, որ իր խաղացած ցանկացած դրվագում իրեն զգա այնպես, կարծես Ալ Պաչինոյի նման խաղաց: Հարկավոր է դերասանին ոգեւորել, հասկանլ նրա հոգեվիճակը, որպեսզի թե քեզ, թե իրեն հեշտ լինի: Միաժամանկ, դերասաններ էլ կան, որոնց պետք է ասես լավ չէր խաղդ, որպեսզի փորձի ավելի լավ խաղալ: Ռեժիսորը պետք է կազմակերպչական ու հոգեբանական ձիրք ունենա, որպեսզի դերասանները վստահեն իրեն: Գուցե իմ դեպքում իսկապես որոշ նշանակություն ունի այն փաստը, որ ինքս էլ առաջին հերթին դերասան եմ, բայց ես ամեն բան մի կողմ թողած, սիրում եմ դերասաններին, իսկ դա յուրաքանչյուր դերասան յուրաքանչյուր ռեժիսորի պարագայում զգում է:
-Հիմա, երբ այս աշխատանքով եք զբաղված, ի՞նչ կարծիքի եք՝ կադրում, թե կադրից դուրս աշխատելն է հետաքրքիր:
- Արդեն դժվարանում եմ այս հարցին պատասխանել: Եթե առաջ հետաքրքիր էր էկրաններով երեւալը, ապա հիմա այդ առումով ճանաչված եմ ու բավարարված եմ որպես դերասան: Այժմ ինձ շատ հետաքրքիր է, երբ էկրաններին տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը, բայց առանց ինձ: Ամեն դեպքում, երկուսն էլ շատ եմ սիրում ու կարեւորում: Որախ եմ, որ այս՝ այսպես ասած ցեցն իմ մեջ Ելենան գցեց, քանի որ առաջ ինձ որպես ռեժիսոր չէի պատկերացնում, թեեւ թատրոնում վաղուց էի բեմադրություններ անում:
-Գուրգեն, շատ հեռուստառեժիսորներ կամ պրոդյուսերներ որակապես այնքան էլ չփայլող նախագծերը մեկնաբանում են պայմանների սղությամբ: Հիմա, որպես ռեժիսոր, ինչ եք կարծում, ի՞նչն է պակասում առավելագույնս ներկայանլու համար:
- Կարծում եմ, որ պայմանների սղությունը որակի հետ կապ չունի: Երբ կա ցանկություն բարձր որակ ստանալու, ապա դա քո առողջության ու գումարի հաշվին էլ կանես: Ամեն դեպքում, մեր թիմն այդպես է աշխատում: Մենք կարող ենք մինչ լուսադեմ աշխատել ու չտրտնջալ: Օրեր առաջ անգամ ծննդյանս օրը ես կես ժամով չկարողացա գնալ տուն, քանի որ այդ պահին աշխատանքն ավելի կարեւոր էր: Ես գոհ եմ մեր արդյունքից, կարծում եմ՝ լավ գործ ենք անում:
-Այսօր դերասաններից շատերի մտահոգությունը ռեժիսորների ու պրոդյուսերների կողմից դերասանների ընտրությունն է: Չդերասանների մասնակցությունը անգամ շատերին հունից հանում է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք Ձեր նախագծի դերասաններին ընտրում:
- Ես ու Ելենան հենց սկզբից եկանք համաձայնության, ըստ որի մեր նախագծերում խաղալու են պրոֆեսիոնալ դերասաններ, եթե խոսքը գլխավոր դերակատարների մասին է: Թեեւ ես փորձում եմ կադրում խոսք ունեցող դերասաններին ընտրելիս եւս հիմնվել պրոֆեսիոնալության վրա: Դերասանի խոսքն ուրիշ է, նրա ասածն ավելի օրգանական է, քան սովորական մարդունը:
-«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի թեման երեխան է, ով անպաշտպան է, նրա հետ կապված պատմությունը կարող է անգամ հուզել հեռուստադիտողին: Միաժամանակ՝ կա կարծիք, որ մեր հեռուստադաշտում դիտմամբ են ընտրվում նման դրամատիկ սյուժեներ, քանի որ այդ նախագծերը դիտում են ապահովում: Ի՞նչ կասեք քննադատություններին, որոնցում շեշտվում է, թե միայն «լացացնող» գործերով են փորձում վարկանիշ ունենալ:
- Որքան էլ լացացնելը, թեման ու վարկանիշը կարեւոր լինի, միեւնույն է, ինձ համար շատ կարեւոր է տվյալ նախագծի ասելիքը: Ես ստեղծում եմ մի բան, որ հենց իմ երեխաներն էլ կարողանան հանգիստ նայել, իմ ամենամեծ անալիզը հենց իմ երեխաներն են: Կոնկրետ մանկատան թեման ինձ համար շատ կարեւոր է: Գուցե իրականում դաժան դայակներ չկան, բայց դա ցույց տալով, կարող ենք շատ ծնողների հետ պահել իր երեխային մանկատուն հանձնելու մտքից: Ես էլ, սցենարիստն էլ փորձում ենք շեշտը դնել ասելիքի, լավ քարոզի վրա: Ես վստահ եմ, որ կարելի է անել լավ ֆիլմ ու լավ վարկանիշ ունենալ, ինչի արդյունքը տեսնում եմ «Եթե գտնեմ քեզ»-ում:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում