Մշտական քննարկվող հարց և մշտապես պետության, հեռուստաընկերությունների հասցեին հնչեցվող քննադատական թունդ խոսքեր, մտահոգություններ և նույնիսկ հայհոյանքներ:
Սերիալներ, սերիալներ ու կրկին սերիալներ…
Գրեթե բոլորը նայում են ու բոլորն էլ բողոքում…Բողոքում հաճախ ավելի ինտելեկտուալ երևալու, իրենց <<բարձր>> ճաշակը խաթարելու, իրենց երեխաների դաստիարակությունը փչացնելու համար: Բողոքում են նաև մեկ-մեկ ազնիվ մղումներով, չհասկանալով կամ չպատկերացնելով հեռուստաաշխարհը իր խնդիրներով, իր նրբերանգներով ու պրոբլեմներով: Ես հեռուստատեսության ոլորտի մասնագետ չեմ, բայց պատկերացնում եմ, որ այդ ընկերությունները մասնավոր են և ինչպես բոլոր ձեռնարկությունները ունեն գոյատևելու, իրենց ֆինանսական իրավիճակը պահպանելու, զարգացնելու խնդիրներ: Յուրաքանչյուր ապրանք իր գնորդն ունի, իսկ ԹՎ-ները նույնպես կոմերցիոն մասնավոր ընկերություններ են իրենց <<արտադրանքով>>:
Շուկայական հարաբերությունները կարգավորվում են առաջարկի ու պահանջարկի համադրության սկզբունքով, այդ սկզբունքը բնականաբար վերաբերում է նաև հեռուստահաղորդման ոլորտին:
Երբ մենք գնում ենք խանութ, շուկա, առևտրի կենտրոն, ապա ընտրում ենք այն ապրանքը, ինչ մեզ պետք է, ինչը մեզ դուր է գալիս, ինչը կարող ենք գնել…Դաշտում ծաղիկ քաղելիս ամեն մարդ ընտրում և կազմում է իր ծաղկեփունջը, այն ծաղիկներից, ինչը իրեն դուր է գալիս…
Ունեք հեռակառավարման վահանակ, ընտրեք , նայեք այն հաղորդումները, որոնք ձեզ դուր են գալիս: Իսկ սերիալներ նայում են նրանք, ովքեր դրա կարիքը զգում են այդ պահին: Ինչու չէ, սերիալները ևս ունեն դաստիարակչական նշանակություն, թեկուզ ինչ-որ տեղ պարզունակ, բայց ունեն: Թող ընդօրինակեն այդ սերիալների բարի, ազնիվ, դրական կերպարներին, իսկ չարերին <<քըխ>> անեն…
Սերիալներ կան աշխարհի բոլոր երկրներում ու մեծ մասսայականություն են վայելում և բնականաբար գոյատևում են: Փառք Աստծո ալիքները շատ են, բազմաբովանդակ ու տարբեր ուղղվածության, կա ընտրելու մեծ հնարավորություն ևս…Ընտրեք այն ինչ ուզում եք, ինչը ձեր նախասիրություններին մոտ է և հաճելի: Խորհրդային տարիներին էլ նույն անիմաստ ջուրծեծոցին էր` ռաբիս երաժշտության և հնդկական կինոների վերաբերյալ…
Վերջում ես այդ <<մտահոգ>> ծնողներին հիշեցնեմ, որ երեխան դաստիարակվում է ընտանիքում, ծնողները պետք է զբաղվեն նրանց դաստիարակությամբ, մանկապարտեզը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, շրջապատը…Նախ հիշեք թե քանի վայրկյան եք զբաղվում ձեր երեխաների դաստիարակությամբ և հետո մեղադրեք ուրիշներին, դուք ինքներդ ձեր օրինակով ճաշակ ձևավորեք նրանց մոտ…Բացի գերժամանակակից հագուստից, շքեղ հեռախոսներից, պլանշետներից, համակարգիչներից, ավտոմեքենաներից ու մնացած զրթուզիբիլից, մտածեք ինչ դաստիարակություն եք տալիս նրանց…
Ընդամենը…Ողջ եղեք ու եթե չեք ուզում սերիալ մի նայեք, բայց նայողների հասցեին էլ մի չարախոսեք…