Հուլիսի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որի ժամանակ չորրորդ անգամ ՀԳՄ նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը:
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերընտրվելու փաստին և հարցին, թե մի՞թե ուրիշ որևէ մեկը չկար միության 500 անդամներից, ՀԳՄ նախագահն ասաց.
«Եթե դուք ինձնից հոգնել եք, ես էլ այնքան եմ հոգնել ձեզնից. խայտառակ, մաղձի, թույնի մթնոլորտ է: Ես շնորհալի, տաղանդավոր կազմակերպիչ եմ, առանց համեստության եմ ասում։ Ես այնքան ջանք եմ ներդրել, որ չեմ ցանկանա, որ այս կառույցը փլուզվի։ Եթե ես դուրս գամ Գրողների միությունից, սոդոմ-գոմոր կսկսվի։ Ես որևէ ձայն չեմ առել և չեմ կեղծել»:
Խոսելով Միության կատարած աշխատանքներից՝ Լ. Անանյանը նշեց, որ առաջին անգամ համահայկական գրական համաժողով է հրավիրվել, ինչպես նաև օտարագիր հայ գրողների համաժողով, կարողացել և հրավիրել են պոեզիայի միջազգային փառատոն: Առաջին անգամ գիրք նվիրելու օր հայտարարվեց փետրվարի 19-ը՝ Թումանյանի ծննդյան օրը, սահմանվեց «Կանթեղ» մրցականը և այլն: