Մի շարք եվրոպական պաշտոնյաներ պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն սպառնալիքներին, որոնցում ասվում է, թե ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը չչեղարկելու դեպքում Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի Հետ ընդունման (Ռեադմիսիայի) համաձայնագիրը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը թուրքական կողմին հորդորել է դադարեցնել սպառնալիքները, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալու: «Սպառնալիքները ամենալավ դիվանագիտական գործիքները չեն:
Այդ իսկ պատճառով պետք է վերջ դրվի դրանց, քանի որ սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենալու»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան: Յունկերը այնուամենայնիվ հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա ստանձնած պարտավորությունների կատարմանը: Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը.
«Ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների` ԵՄ-ն պետք է անցնի «պլան Բ»-ին` պաշտպանելով իր սահմանները»: Օպերմանը նշել է նաև, որ Եվրոպան կարիք ունի սահմանային կանոնադրության և փախստականների հետ կապված օրենքների փոփոխության: Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլն էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայի կողմից Հետ ընդունման համաձայնագրի առկախմանը: «Ցանկանում ենք Թուրքիային տեղյակ պահել, որ մենք ընդունակ ենք պահպանել մեր սահմանները»,- հայտարարել է Դոսկոցիլը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված Միգրացիոն համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ը պարտավորվել էր չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար կիրառվող վիզային ռեժիմը պայմանով, որ Անկարան կկատարի առաջադրված 72 կետանոց նախապայմանները, որոնցից մեկն էլ ահաբեկչության մասին օրենքի փոփոխությունն էր: Սակայն Թուրքիան հրաժարվեց վերոնշյալ օրենքում փոփոխություն կատարելուց, ինչին ի պատասխան եվրոպական կողմը հայտարարեց, որ վիզային ռեժիմի չեղարկումը չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ նշյալ օրենսդրական փոփոխությունը չի կատարվել: Այս ամենից վրդովված Էրդողանն էլ օրերս սպառնացել էր Եմ-ին, որ Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի միգրացիոն համաձայնագրի կետերից մեկը հանդիսացող Հետ ընդունման համաձայնագիրը:
Աղբյուր` Ermenihaber