▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերն առաջինն են աշխարհում ստեղծել ծառայություն, որն արհեստական ինտելեկտի միջոցով պատրաստում է վեբ-կայքեր

Աշխարհը փոխելու է. հայերն առաջինն են աշխարհում ստեղծել ծառայություն, որն արհեստական ինտելեկտի միջոցով պատրաստում է վեբ-կայքեր։


Fronty ընկերության մշակած արհեստական ինտելեկտը ունակ է կատարել վեբ-ծրագրավորողի գործառույթներ։ Միայն վերջին ամիսների ընթացքում Fronty-ի ծառայություններից օգտվում են ավելի քան հազար օգտատերեր։


«Մեզ հաջողվեց ստեղծել մի ծառայություն, որն ավտոմատացնում է կայքերի պատրաստման գործընթացը, խնայում ծրագրավորողների ժամանակը և բարձրացնում վերջնական արտադրանքի որակը։ Այն մեր թիմի վերջին երեք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է» -Asekose.am-ին ասաց Fronty.com-ի հիմնադիր և տնօրեն Տիգրան Վարդանյանը:
Վերջինիս խոսքով՝ աշխատանքներին զուգահեռ չէին հայտարարում իրենց ստեղծածի մասին, սակայն այս տարվա ապրիլ ամսին ծրագիրը հաջողությամբ գործարկելուց հետո այն նույնիսկ արդեն ունի վճարող հաճախորդներ։


«Ծրագիրն արդեն գործում է, մենք պատրաստվում ենք այս տարի նոյեմբերին ներկայացնել այն «WebSummit-2019» գագաթնաժողովին, որը համարվում է տվյալ բնագավառում ամենաազդեցիկներից մեկը։ Հուսով ենք ստանալ միջազգայնորեն լայն ճանաչելիություն: Զուգահեռ ընթանում են նաև ծրագրի պատենտավորման և արտոնագրման աշխատանքները»:

Տիգրանը զրույցի ընթացքում մանրամասնեց, թե ինչ խնդիր է լուծում իրենց արհեստական ինտելեկտը.
«Սովորաբար, երբ պետք է որևէ կայք պատրաստվի, նախ դիզայները ձևավորում է այն, ապա հանձնում ծրագրավորողին, ով իր հերթին կոդավորում է վերջնական կայքի տեսքը: Մենք ստեղծել ենք ծրագիր, որը կոդավորումը կկատարի ծրագրավորողի փոխարեն: Առհասարակ, արհեստական ինտելեկտը միտված է մինչ 2020թ.-ը ողջ աշխարհում 1.8 միլիոն աշխատատեղ վերացնել, փոխարենը ստեղծվելու են ևս 2.3 միլիոն նոր աշխատատեղեր: Այսինքն, սա գործընթաց է, որն անպայման տեղի է ունենալու, հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք դրան»:


Տիգրանը հայտնեց նաև, որ մինչ օրս ընկերության կայացման և ծրագրի պատրաստման համար ներդրվել և ծախսվել է ավելի քան կես միլիոն դոլար, իսկ մասնագիտական թիմը կազմված է տասից ավելի հիմնական աշխատակիցներից։ Այն կայքերը, որոնք Fronty.com-ը տրամադրում է իր օգտատերերին, ամբողջությամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին, հասանելի են հեռախոսների և պլանշետների համար, SEO օպտիմիզացված են։ Կա նաև հնարավորություն ղեկավարելու ամբողջ կայքի կառուցվածքն ու բովանդակությունը drag-n-drop խմբագրի միջոցով։

«Մենք առաջինն ենք աշխարհում, որ դա անում ենք: Այս պահին բոլոր ցանկացողները կարող են այցելել Fronty.com կայք և փորձարկել մեր ստեղծածը, որ դեռ աշխատում է դեմո ռեժիմով: Ի դեպ, որոշ ներդրողներ պոտենցիալը տեսնելուց հետո արձագանքեցին, որ այս ծրագիրը կարող է փոխել աշխարհը»,-նշեց Տիգրանը՝ հավելելով, որ գրեթե 17 տարի է, ինչ աշխատում է այս ոլորտում և պորտֆոլիոյում ունի այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ Սինգապուրի «Nutella» ընկերության կայքը, Upwork.com ընկերության գլխավոր էջերը, Optimizely.com, Ավստրալիայի Մոնաշի համալսարանի կայքը և այլն»,-ասաց Տիգրան Վարդանյանը:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին