Armtimes.com-ը գրում է.
Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանը գտնվել է արեւադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում: Երկրի տարածքում դիտվել է բարձր ջերմային ֆոն, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով, առանձին օրերին՝ 5 աստիճանով: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով, սովորաբար, օգոստոսի 20-ից հետո նախորդ տարիների 95 տոկոսի դեպքում երկրի տարածքում նկատվում է ջերմաստիճանի անկում: Սակայն, այս տարին, այն բացառիկ տարիներից մեկն է, երբ բարձր ջերմային ֆոնը մինչեւ այսօր պահպանվում է:
Չնայած բարձր ջերմային ֆոնի, այսօր եւ վաղը երեկոյան ժամերին եղանակի փոփոխություն տեղի կունենա: Մասնավորապես, հյուսիսային մասերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային բնակավայրերում եւ Գեղարքունիքում, երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Այսօր եւ վաղը երեկոյան ժամերին կարճատեւ ամպրոպային բնույթի անձրեւների հավանականություն կա նաեւ Երեւանի առանձին հատվածներում:
Օգոստոսի 28-ից սկսած, Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Չնայած որոշակի անկայուն եղանակին, ակտիվացել են Իրանի տարածքից արեւադարձային տաք օդային հոսանքները, որոնց հետեւանքով վաղը եւ օգոստոսի 27-ին օդի ջերմաստիճանը բարձրանալու է 2-3 աստիճանում: «Եթե վերջին օրերին օդի ջերմաստիճանը Երեւանում ցերեկն առավելագույնը 36-ի սահմաններում էր, վաղը կանխատեսվում է մինչեւ 37, իսկ օգոստոսի 28-ին՝ մինչեւ 38 աստիճան, որը կպահպանվի մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ: Այսինքն, ամսվա վերջին ունենալու ենք ավելի շոգ օրեր, քան վերջին 5-6 օրերին էր»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում