▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայլերը հարձակվել են ոչխարների վրա.«Ժողովուրդ»

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում Ռուդիկ Բադալյանին պատկանող անասնագոմի վրա գայլերի հարձակում է եղել, ինչի հետեւանքով նա մեծ վնասներ է կրել:

Իսկ մինչ այդ՝ մեկ օր առաջ, գայլերը հարձակվել էին Սոթքի բնակիչ Սմբատ Ստամբուլցյանի 6 ոչխարների վրա, որոնցից 3-ը հոշոտվել եւ սատկել  էին, իսկ մյուս 3-ը՝ վիրավորվել: Բոլոր 6 ոչխարները մորթվել էին, իսկ միսը տրվել էր շներին: Նշենք, որ Սոթքի գյուղապետարանն իր միջոցներով գնել է 5 ոչխար եւ տվել Ստամբուլցյանին: Իսկ, ահա, երեկ գայլերը հարձակում են գործել Սոթքում բնակվող Ռուդիկ Բադալյանին պատկանող անասնագոմի վրա եւ հոշոտել 62 ոչխար:

«Ժողովուրդ»-ը զրուցեց գայլերի հարձակումից տուժած քաղաքացու՝ Ռուդիկ Բադալյանի հետ. «Ես որպես մենատնտես «Ֆինքա» եւ «Կամուրջ» վարկային կազմակերպություններից գումար եմ վերցրել՝ 4 մլն 400 հազար դրամ, որով 100 ոչխար եմ գնել: Ու այսօր հայտնվել եմ նման անելանելի դրության մեջ: Այս պահին օգնության ձեռք մեկնող դեռ չի եղել: Հիմա ինչ եմ անելու, ինչպես եմ այս իրավիճակից դուրս գալու, չգիտեմ»,- հուսահատված նկատեց Բադալյանը:

Տեղեկացանք, որ գայլերի հարձակումից նման խոշոր կորուստներ կրած անասնապահը վնասի փոխհատուցման խնդրանքով դիմել է Սոթքի գյուղապետարան, սակայն նրա խնդրանքը մերժել են` պատճառաբանելով, որ նա Սոթքի բնակիչ չէ, այլ Վարդենիսի: Հետեւաբար իր ոչխարներն էլ գրանցված են Վարդենիսի բազայում: «Ես չգիտեմ, թե այս հարցն ինչպես է լուծվելու: Դեռ ոչ մի արձագանք չկա: Գյուղապետին խնդրել եմ, տեղ է հատկացրել, փոս եմ փորել ու այդ ոչխարներին հողով ծածկել եմ»,- ներկայացրեց տուժած քաղաքացին: 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին