▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերժամանակակից ծառայություն՝ Ուռուցքաբանության ինստիտուտում

Ներկայում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման գործընթացն ավարտական փուլում է: Այս փուլում իրականացվում են արտաքին տարածքի բարեկարգման, ինչպես նաև լաբորատորիայի հագեցման աշխատանքները:

Զուգահեռաբար ընթանում է 2-րդ փուլի՝ Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման գործընթացը: Ճառագայթային բուժման նոր կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար: Հարկ է նշել, որ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային թերապիան համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին:

Այսօր, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծրագրի իրականացման պատասխանատուների հետ շինհրապարակում էր: Նախարարը ծանոթացավ ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվեց, որ ավարտվում է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և շուրջ մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Ամփոփելով, նախարար Մուրադյանը պատասխանատուներին տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ խստիվ հետևել աշխատանքների պատշաճ որակի ապահովմանը և հաստատված ժամկետների պահպանմանը, քանի որ նորաստեղծ ծառայություններն ունեն կենսական նշանակություն չարորակ նորագոյացությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև արդյունավետ բուժման համար:

Առողջապահության նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին