▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանացի պատգամավորները՝ ծխախոտը տաքացնող սարքերի ու էլեկտրոնային սիգարետի մասին

Արևմտյան Եվրոպայում արդեն հասկացել են, որ արգելքն ու հարկերի բարձրացումը խթանում են ստվերային տնտեսությունը։ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները կոչ են արել տարանջատված կարգավորում կիրառել նոր սերնդի նիկոտին մատակարարող արտադրատեսակների նկատմամբ՝ սկսելով հարկումից:


2020 թ․ մայիսի սկզբին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են Մերկելի կառավարությանը Եվրամիության մակարդակով ծխախոտային արտադրատեսակների հարկման վերաբերյալ փոփոխություններ նախաձեռնել  ԵՄ 2011/64/EC հիմնական հրահանգի մեջ։

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են համաեվրոպական մակարդակով ողջամիտ կարգավորում կիրառել նոր սերնդի նիկոտին մատակարարող արտադրանքի՝ օրեցօր ավելի մեծ տարածում ստացող էլեկտրոնային սիգարետի ու ծխախոտը տաքացնող սարքերի նկատմամբ։

Կարգավորումն այնպիսին պետք է լինի, որ մի կողմից, այս ապրանքատեսակները դեռահասների համար գրավիչ չլինեն, բայց մյուս կողմից, օգնեն նվազեցնել նիկոտին ստանալու ամենավտանգավոր եղանակի՝ սիգարետի սպառումը։

«Նոր արտադրատեսակները ռիսկեր ունեն։ Բայց, համաձայն առկա հետազոտությունների, ծխախոտը տաքացնող սարքերն ու էլեկտրոնային սիգարետը այնքան վնասակար չեն, որքան սովորական սիգարետը, քանի որ ծխախոտը ու նիկոտին պարունակող հեղուկը ոչ թե այրվում են, այլ միայն տաքացվում, ու ստացված գոլորշին ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան սիգարետի ծուխը»,- հայտարարեցին Բունդեսթագի պատգամավորները։

Եվ այսպես, ինչպե՞ս կարելի է այլընտրանքային նիկոտին մատակարարող արտադրատեսակների միջոցով նվազեցնել սիգարետի սպառումը՝ միևնույն ժամանակ նվազագույնին հասցնելով երիտասարդների կողմից այս սարքերի օգտագործումը։ Համարվում է, որ արևմտյան երկրներից այդ խնդիրն ամենաարդյունավետը լուծել է Մեծ Բրիտանիան։ Այստեղ դեռևս 2018 թվականին կառավարության ու Հանրային առողջապահության ազգային գործակալության (Public Health England) մակարդակով փորձել են հստակ պատասխաններ գտնել վեյփինգի մասին։  Նախ և առաջ, ինչպես
նշում է ծխախոտային արտադրատեսակների վերահսկման ծրագրերի ղեկավար Մարտին Դոքրելը, «չնայած էլեկրոնային սիգարետը ռիսկերից զերծչէ, սովորական սիգարետ ծխելու համեմատ էլեկտրոնային սիգարետը շատ
ավելի քիչ վնասակար է»։


Այս տեսակետը կիսում են նաև Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտման հանձնաժողովը, առողջության վրա ծխելու ազդեցությունը ուսումնասիրող հանձնաժողովը, բժիշկների Թագավորական կոլեգիան, Բրիտանական բժշկական միությունը, վերջերս էլ ԱՄՆ խոշորագույն գիտական կառույցներից մեկը՝ Գիտությունների, բժշկության ու
ինժեներության ազգային ինստիտուտը։

Մարթին Դոկրելը հերքել է էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ առկա մի քանի առասպելներ․

Առասպել 1. Էլեկտրոնային սիգարետը վնասակար է, քանի որ նիկոտին է պարունակում


Ներկայիս կամ նախկին 10 ծխողներից 4-ը դեռևս սխալմամբ մտածում են, որ ծխելու հետևանքով առաջացող քաղցկեղի առաջնային պատճառը նիկոտինն է։ Փաստացի տվյալները վկայում են, որ նիկոտինը առաջացնում է կախվածություն, իսկ վնասը հասցնում են սիգարետի ծխում առկա հազարավոր վնասակար նյութերը։ Առանց այրման աշխատող սարքերի գոլորշին չի պարունակում խեժ ու շմոլ գազ, որոնք սիգարետի ծխում առկա երկու ամենավտանգավոր բաղադրիչներն են։ Այո, գոլորշու մեջ կան մի շարք քիմիական նյութեր, որոնք առկա են նաև սիգարետի ծխում, բայց շատ ավելի ցածր կոնցենտրացիայով։


Առասպել 2. Նոր սարքերի արտազատած գոլորշին վնասակար է շրջապատի մարդկանց համար։

Տվյալները հստակ ցույց են տալիս, որ երկրորդային ծուխը վտանգավոր է։ Այդ իսկ պատճառով և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Հայաստանում գործում են օրենքներ, որոնք պաշտպանում են չծխողներին երկրորդային ծխի բացասական ազդեցությունից։ Մեծ Բրիտանիայում, սակայն, այդ օրենքները չեն տարածվում առանց ծխի արտազատումով աշխատող սարքերի վրա․ օրինակ, ընկերություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել՝ թույլ տա՞լ դրանք օգտագործել իրենց տարածքում, թե՞ ոչ։ Էլեկտրոնային սիգարետի միջուկը նիկոտին, գլիցերին ու բուրավետիչներ է պարունակում։ Ի տարբերություն սիգարետի, շրջակա միջավայր չեն արտազատվում չծխողի առողջության համար վտանգ ներկայացնող նյութեր։ 2018 թվականին Public Health England-ի կողմից հավաքագրված տվյալները վկայում են, որ մինչ օրս երկրորդային գոլորշու կլանումից առողջության ոչ մի ռիսկ չի արձանագրվել։ Բացառություն կարող են լինել միայն շնչառական հիվանդություններ ունեցող մարդիկ՝ օրինակ, ասթմայով տառապողները, ովքեր հատկապես զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ, ինչպիսիք են ինչպես այդ սարքերի գոլորշին, այնպես էլ ծաղկափոշին ու սառը օդը։
Սիգարետի համեմատ զգալի ավելի քիչ ռիսկ է արձանագրվել նաև ծխախոտը տաքացնող սարքերի օգտագործման արդյունքում։ Մի քանի տարի առաջ Ուկրաինայի Առողջապահության նախարարությանը կից Մեդվեդի անվան
թունաբանական ինստիտուտում մի հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում արձանագրվել է  «սիգարետի համեմատ ծխախոտը տաքացնող համակարգերի օգտագործման ռիսկի զգալի ցածր մակարդակ ակտիվ ու
պասիվ ծխողների համար»։
 
Առասպել 3. Էլեկտրոնային սիգարետը խթանում է, որ երիտասարդները սկսեն սովորական սիգարետ ծխել

Համաձայն Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության ազգային գործակալության վերջին զեկույցի, գործնականում չեն արձանագրվել տվյալներ, որոնք հաստատում են, որ էլեկտրոնային սիգարետը երիտասարդների համար ծխող դառնալու ուղի է հարթում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները փորձարկում են
էլեկտրոնային սիգարետը, բայց կանոնավոր օգտագործումը հազվադեպ է հանդիպում ու գրեթե միշտ նկատելի է այն երիտասարդների շրջանում, ովքեր արդեն սկսել են կանոնավոր սիգարետ ծխել։  

Առասպել 4. Նոր սերնդի սարքերը օգտագործվում են ծխախոտային արդյունաբերության կողմից, որպեսզի մարդիկ միևնույն է շարունակեն ծխել


Ներկայումս չկան տվյալներ, որոնք վկայեն, որ էլեկտրոնային սիգարետը մարդկանց դրդում է շարունակել սիգարետ ծխել։ Հակառակը, Մեծ Բրիտանիայում իրականությունն այլ է․ էլեկտրոնային սիգարետի չափահաս 3.2 միլիոն օգտատերերի կեսից ավելին ընդհանրապես հրաժարվել են այրվող սիգարետից։  Եվս 770 000 մարդ հրաժարվել է թե՛
այրվող սիգարետից, թե՛ նոր սերնդի սարքերից։ Ծխելը թողնելու ցուցանիշները բարելավվում են, նկատելի է սիգարետի տարածվածության մակարդակի արագացված անկում։


Առասպել 5. Էլեկտրոնային սիգարետը չի կարող օգնել ծխելը թողնել

2019 թվականի փետրվարին հրապարակվել է կլինիկական խոշոր հետազոտություն, որը ֆինանսավորել էր Մեծ Բրիտանիայի Առողջապահության ոլորտի հետազոտությունների ազգային ինստիտուտը։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ հանրային ծառայությունների կողմից էլեկտրոնային սիգարետի օգտագործումը երկու անգամ ավելի արդյունավետ է, քան ծխելուց հրաժարվելուն ուղղված նիկոտինի փոխարինման ցանկացած այլ թերապիա։ Բացի այդ, այն խմբում, որը օգտագործել է էլեկտոնային սիգարետ, նկատվել է հազի ու խորխի ավելի արագ նվազում։

Տարեցտարի աճում է էլեկտրոնային սիգարետի ու ծխախոտը տաքացնող համակարգերի վերաբերյալ հետազոտությունների թիվը՝ անցյալում թողնելով շատ ու շատ հերքված առասպելներ։ Միևնույն ժամանակ, շատ առասպելներ, որոնք արդեն իսկ հերքվել են Եվրոպայում, Հայաստանում դեռևս փաստ են մնում շատերի համար։

Դեռևս 2016 թվականին Մեծ Բրիտանիայում ընդունվել էին Ծխախոտային ու հարակից արտադրատեսակների վերաբերյալ կանոնակարգեր։ Դրանցում հստակ նշված էին էլեկտրոնային սիգարետի որակի ու անվտանգության ստանդարտները, ինչպես նաև փաթեթավորման վերաբերյալ պահանջները։ Այս ամենի նպատակն է սպառողին գիտակցված ընտրություն կատարելու համար բավարար տեղեկատվություն հաղորդելը։

Համաձայն Public Health England-ի, առանց այրման աշխատող սարքերն ու այրվող սիգարետը նույն դասի ապրանքներ չեն, և նրանց նկատմամբ պետք է տարբերակված մոտեցում կիրառվի՝ առաջխաղացում, կարգավորումներ, հարկում և այլն։ Առանց այրման աշխատող սարքերը նույնպես ունեն որոշակի ռիսկեր, բայց դրանք ավելի քիչ են, քան սիգարետ ծխելիս։ Բացի այդ, այդ սարքերը հազարավոր չափահասներին օգնում են հրաժարվել սիգարետից։

Մեծ Բրիտանիայում արդեն իսկ կիրառվում է մոտեցում, որ նոր սերնդի սարքերը սիգարետը փոխարինող միջոց, են և ոչ նորանոր մարդկանց նիկոտինային կախվածության մեջ գցելու ուղի։ Հետևաբար, օրենսդրական կարգավորումները զգալիորեն ավելի թեթև են, քան սիգարետի նկատմամբ կիրառվող սարմանափակումները։ Օրինակ, թույլատրված են այդ սարքերի արտաքին գովազդի որոշ տեսակներ։ Մյուս կողմից, բացակայում է գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով։

Նման մոտեցումը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել նիկոտին մատակարարող այլընտրանքային սարքերի շուկան՝ չծխողների համար այդ սարքերի գրավչությունը ցածր պահելու և, միևնույն ժամանակ, ծխողներին
օգնելու, որ նախապատվությունը տան նիկոտին պարունակող ավելի քիչ
վնասակար ապրանքներին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին