Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
|
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց դեպքի առթիվ. «2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին։ Ստացած հրազենային վնասվածքներով Մ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»: |


