▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիշերը հանգի՞ստ եք քնում». ռուս գիտնականը հայտնել է՝ ով է Սպիտակի երկրաշարժի հազարավոր զոհերի մեղավորը

Ռուսական «Գազետա» կայքը Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ զրուցել է տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգորի Աշքինաձեի հետ, որը մասնակցել է իրենց տակ հազարավոր մարդկանց թաղած 111-րդ սերիայի կարկասապանելային շենքերի դիմացկունության փորձարկումներին:

Հայտնի է, որ 9-հարկանի շենքերի տակ է մնացել երկրաշարժի բոլոր զոհերի ¼-րդ մասը՝ մոտ 7000 մարդ:

Գիտնականը պատմել է՝ ինչու են շենքերը երկրաշարժից փլվել՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր:

Նա նշել է, որ Բնակելի և հանրային շինությունների նախագծման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը հատուկ սարքավորումների միջոցով ստուգել է 111-րդ սերիայի 9-հարկանի շենքերի դիմացկունությունն ու տհաճ բացահայտում արել:

«Երբ 1976թ. մեզ Երևան հրավիրեցին 111-րդ սերիայի շենքերից մեկի դիմացկունությունը ստուգելու, փորձարկման ընթացքում պարզեցինք, որ շենքն ուղղակի «լողում» է: Մենք ոչ մեծ ճնշում էինք գործադրել շենքի վրա, իսկ դրա ամրությունն արդեն այնպիսի անկում էր ապրում, ինչպիսին մենք դեռ չէինք տեսել այլ շինություններ փորձարկելիս: Բացի այդ, շենքում առաջացան ճաքեր, ընդ որում՝ վտանգավոր ճաքեր»,-պատմել է մասնագետը՝ հավելելով, որ ճաքերն ու ցնցումներն առաջացել են այն պարագայում, երբ սարքը դեռևս չէր հասել տվյալ շենքի սեյսմիկ կայունությունը ստուգելու համար ցնցումների անհրաժեշտ մակարդակին:

Աշքինաձեի խոսքով, երբ հայկական կողմը՝ Շինարարության ու ճարտարապետության հայկական գիտահետազոտական կենտրոնը, տեսել է դա, կարգադրել է ավարտել փորձարկումն ու հեռանալ:



«Մենք ձեզ չէինք խնդրել այս ամենն անել: Մենք ձեզ ընդամենը խնդրել էինք որոշել շենքի դինամիկ բնութագիրը: Դուք այն որոշեցիք, ինչի համար շնորհակալ ենք: Ձեր փորձարկումներն այլևս ավարտված են, հեռացե՛ք»,-հայկական կողմի տված պատասխանը ներկայացրել է գիտնականը:

Նա նշել է, որ փորձարկումներն ավարտելու համար նույնիսկ հոսանքն են միտումնավոր անջատել: Բացի այդ, կենտրոնը հրաժարվել է ինստիտուտին տրամադրել շենքի գծագիրը, որպեսզի մասնագետներն այն վերլուծեն ու հասկանան՝ ինչն է սխալ արված:

Մոսկվա վերադառնալուն պես ինստիտուտը երևանյան փորձի հիման վրա զեկույց է կազմել՝ նշելով, որ շենքի ամրության ու դիմացկունության հետ կապված լուրջ խնդիրներ կան և որ այն հավելյալ ամրացման կարիք ունի:

«Խնդրով լուրջ զբաղվելու փոխարեն նրանք մեր դեմ բողոք գրեցին ԽՍՀՄ սեյսմակայուն կառուցապատման գլխավոր կազմակերպությանը, որն էլ եզրակացրեց, որ շենքի բացահայտված թերություններն անհրաժեշտ է վերացնել: Մեր ղեկավարությունը Հայաստանի պետշինից պահանջեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Սակայն 12 տարի անց, երբ եկանք երկրաշարժի հետևանքների վերլուծության համար, տեղեկացանք, որ քայլերն այդպես էլ մնացել են թղթի վրա ու չեն իրագործվել»,-մանրամասնել է մասնագետը


Լրագրողի այն հարցին, թե արդյոք խնդիրը բուն շենքի նախագծում էր, թե կառուցման տեխնոլոգիաների թերի լինելու մեջ, Աշքինաձեն, ներկայացնելով անձնական տեսակետը, ասել է. «Ըստ իս՝ գլխավոր խնդիրը նախագիծն էր: Երկրաշարժից երկու օր անց մենք ժամանեցինք Երևան՝ աղետի հետևանքների վերլուծության համար: Այնտեղ միջանցքներից մեկում ես հանդիպեցի այն մարդուն, որը 12 տարի առաջ մեզ հետ կռիվ էր տալիս ու չէր ընդունում փորձարկման արդյունքները: Նայեցի նրան ու ասացի. «Գիշերը հանգի՞ստ եք քնում: Ձեր խղճի վրա հազարավոր մարդկանց մահն է»: Դա նախագծի հեղինակն էր, որն ինձ պատասխանեց. «Իսկ ի՞նչ է եղել որ: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, դա շինարարների մեղքն է»,-շարունակել է Աշքինաձեն՝ ընդունելով, որ շինարարության ընթացքում թույլ տրված սխալները ևս լուրջ գործոն են եղել:

Նա հիշեցրել է երկրաշարժից հետո Գյումրիում արված մի լուսանկարի մասին, որի վրա պարզորոշ երևում է ստորգետնյա ուժեղ ցնցման հետևանքով անգամ մի ճաք չունեցող խոշոր պանելային բարձրահարկն ու դրա ֆոնին ամբողջովին փլատակների վերածված 111-րդ սերիայի շենքը:

 

 

 

 

 

«Շարքային մարդիկ չգիտեին, թե այդ շենքերը որքան վտանգավոր են ու անպիտան բնակության համար, սակայն նախագծի հետ առնչություն ունեցողները շատ լավ տեղյակ էին դրանից»,-նշել է Աշքինաձեն:

Նա հավելել է, որ այդ շենքերից որոշներն առ այսօր կանգուն են Երևանում:

«Դրանք այդպես էլ չեն ամրացվել: Ուղղակի բախտները բերել է, որ այնտեղ վերջին 40 տարում ուժեղ երկրաշարժ չի եղել: Չգիտեմ՝ ինչո՞վ են առաջնորդվել նրանք, ովքեր որոշել են 111-րդ սերիայի շենքերի զանգվածային կառուցում սկսել»,-ասել է նա:

Թարգմանությունը՝ Tert.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին