Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող` Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկը հատելու համար հետիոտնը բավական բարդ գլուխկոտրուկ պետք է լուծի: ASEKOSE.am-ի թղթակիցը նկատել է, որ այն հատվածում, որտեղ տրամաբանորեն պիտի լուսացույց լիներ, ծառից կախված անհայտ ծագման և անհայտ նպատակով օգտագործվող արկղեր են: Փոխարենը, անցորդները պարտավոր են ճարպկություն դրսևորել, փողոցը հատելու համար առնվազն մի քանի քայլ առաջ գնալ, ապա հետ շրջվել ` լուսացույցին նայելու համար: Իսկ այդ ընթացքում մեծ հաջողությամբ կարող են վրաերթի ենթարկվել: Օրեր առաջ նշված խաչմերուկում Ճանապարհային ոստիկանության մեքենայից կոչ էին անում կարմիր լույսի տակ չհատել փողոցը: Իսկ երբ ի պատասխան ոստիկանի կոչին` բարձրաձայնեցինք, թե որտեղ է լուսացույցը, նա շփոթվեց` փորձելով գտնել գոյություն չունեցող լուսացույցը: