▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ. վերջինս հրաժարվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։

Համայնքապետը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է հրաժարականի պահանջի մասին մեր տեղեկությունները. «Այո, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ հրաժարական չեմ տա, ինձ ժողովուրդն է ընտրել ու ես չեմ պատրաստվում նման քայլի գնալ»։

Դառնալով հուլիսի 28-ին Երեւանում գտնվելու պատճառներին, երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարված է՝ Հ.Ավետյանը նշել է, որ ինքը կրակոցների ժամանակ եղել է համայնքում եւ Երեւան եկել միայն հրադադարի հաստատումից հետո, ինչի համար ունեցել է լուրջ պատճառ։ Ընդ որում՝ այդ մասին Գեղարքունիքի մարզպետը Գ. Սանոսյանը նախապես տեղյակ է եղել։

Հիշեցնեք, որ Գ.Սանոսյանն այսօր հայտարարել է, թե Ավետյանին երեկ հրավիրել էին Գեղարքունիքի ԱԱԾ, բայց պարզվել է, որ նա Երևանում է, ուստի հրավիրվել է մայրաքաղաքի ԱԱԾ վարչություն։

Արձագանքելով մարզպետի հայտարարությանը՝ Հ.Ավետյանը նշել է, որ Սանոսյանը իրավիճակը լրագրողներին ներկայացրել ոչ ամբողջական.

«Գնել Սանոսյանը շատ լավ տեղյակ էր։ Իրեն ինչ ձեռնտու է, այդ մասն է ասում։ Կարող եմ շատ վստահ ասել՝ իմ՝ Երևանում գտնվելը շատ լուրջ պատճառ է ունեցել, որին ինքը շատ լավ տեղյակ էր։ Չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել։ Չեմ ուզում մանրամասնել, բայց ես

Երևանում այդ ժամանակ պատահական չեմ գտնվել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Հ.Ավետյանը՝ նշելով, որ Գ.Սանոսյանն իրավունք չուներ այդպես ներկայացնելու։

«Ես կրակոցների ժամանակ բարձրանում եմ դիրքեր, կամ մոտակա հատվածներ եւ ինչով կարողանում, օգտակար լինում պաշտպանական հարցերին։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ես նման դեպքերում հեռու եմ գտնվում։ Որքան էլ հեռու լինեմ՝ լինի շաբաթ, կամ կիրակի, արագ գալիս եմ ու լինում այդ հատվածներում»,- ասել է համայնքապետը ու նշել, որ երեկ՝ առավոտյան ինքը եղել է նաեւ Սոթքի ուղղությամբ, որտեղ լարված էր իրավիճակը։

Հրադադարից հետո եկել է Երեւան՝ արագ վերադառնալու ակնկալիքով, բայց այստեղ արդեն հրավիրել են ԱԱԾ։

Մեր հեռախոսազանգի պահին համայնքապետը համայնքում էր ու տեղեկացրեց, որ կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է։ Դրանք հնչել են առավոտյան՝ տարբեր բնակավայրերում։ Ադրբեջանական կողմը հիմնականում թիրախավորում է մոտակա բնակավայրերը։

«Վերջին դեպքերում նկատել ենք՝ շղթայական երկայնքով մեկ է լինում, սկսում են միաժամանակ։ Դա է ձեռագիրը։ Ինձ թվում է, իրենք ավելի շատ ուզում են խուճապային տրամադրություն ստեղծեն, մենք էլ աշխատում ենք, որ ժողովուրդը խուճապի չմատնվի, մինչև կառավարությունը կարողանա քայլեր կատարի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին