ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից։
«Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը:
Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ»,–նշել է ՀՀ գյուղնախարարը։
Նշենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սերգո Կարապետյանի համեմատությունից. Նա կնոջը համեմատել է կարտոֆիլի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 24-ին, հանդիպել էր Շիրակի մարզի համայնքապետերին ու ֆերմերներին, որտեղ իր խոսքում ասել էր. «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք»։