▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը պահանջում է պարզել սպիտակ դրոշ ու հանդիպել Եվլախում

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է Եվլախում հանդիպել Արցախում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ:

Հակառակորդի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից ստեղծված և մինչ օրս աջակցվող անօրինական ռեժիմի՝ «բանակցություններ սկսելու» կոչի առնչությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ մի քանի անգամ մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է երկխոսության՝ քննարկելու վերաինտեգրման խնդիրները։

Բայց ամեն անգամ մերժում է ստացել: Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է Եվլախում մեր երկրի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշը, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։

Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»:

Ավելի վաղ, Արցախի տեղեկատվական շտաբը գրել էր, որ ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Թարմացված․ «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արևիկ» բուժմիավորման բժիշկներից:

«9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում և վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը:

Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը և թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»:

«Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երևի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը:

Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»:

Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաև 8 երեխաներ: Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաև միջազգային հանրության` այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների և անկարողության հետևանքն է»:

Թարմացված․ Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը: Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանական զինված ուժերի կողմից, հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը:

Թարմացված․ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Ադրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին