▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համատիրությունն իրեն ընկալում է որպես թաղապետարանի մաս»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Արդյունքում բնակիչների մեծամասնությունը մինչև այժմ էլ պատկերացնում է համատիրությունը ոչ թե որպես համասեփականատերերի ազատ կամքի դրսևորմամբ ձևավորված միասնական կառույց, որը լիովին ենթակա է միայն բնակիչներին, այլ՝ թաղապետարանին կից գործող կազմակերպություն, որը ստեղծվում և ենթարկվում է համապատասխան վերադաս մարմիններին, այս դեպքում՝ թաղապետին և քաղաքապետին:

Նման պատկերացումները ամրացել են նաև երկրում տասնամյակներ շարունակ իրականացվող ընտրակեղծիքների մեխանիզմներում համատիրությունների աշխատակիցների մասնակցության պատճառով: Հիմնականում, հենց թաղապետերի տարածքային վերահսկողությամբ և կազմակերպմամբ՝ ընտրակաշառքի բաժանման, ընտրողների ցուցակագրման պրոցեսները հանձնվել են համատիրությունների աշխատողներին, քանի որ պարտադիր վճարների հավաքագրման շնորհիվ բնակիչների հետ ամենաշատը հաղորդակցվող անձիք են: Այս հանցավոր շղթաների բնույթը համատիրությունների՝ թաղապետի ուղիղ ենթակայության տակ գտնվելու իրողությամբ միաժամանակ և՛ ամրապնդել է բնակիչների ընկալումը առ այն, որ համատիրությունները իրենց ենթակայությունից դուրս պետական կառույցի մի ճյուղ են, և՛ ընդհանուր բացասական տպավորություն է ստեղծել համատիրությունների մասին՝ որպես հանցավոր գործընթացների կազմակերպման օղակի:
Այս ամենի հետ միասին հարցը նաև պետք է դիտարկել հենց համատիրությունների տեսանկյունից. համատիրությունների ձևավորման ընթացքում այդ կառույցներում, ինչպես արդեն նշվել է, առանց որևէ ընտրական ընթացակարգերի, համասեփականատերերի ժողովի գումարման՝ աշխատանքի անցան բնակարանների շահագործման տնտեսությունների աշխատակիցները, ինչը նրանց մոտ էլ ստեղծեց հին իրավական մեխանիզմի պահպանման տպավորություն։ Եթե ավելացնենք այս իրողությանը սուղ ֆինանսական միջոցների պայմաններում թաղապետարանների հետ սերտ համագործակցությունը, ստացվում է մի իրավիճակ, երբ հենց ինքը՝ համատիրությունը, իրեն ընկալում է որպես թաղապետարանի մաս»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին