▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ սկեսուրներն հարսներին հոգեբանական բռնության են ենթարկում

Մարտի 8-ն ի սկզբանե համարվել է որպես կանանց իրավունքների բարձրաձայնման օր և մինչ օրս կան բազում խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն:

«Կանանց աջակցման կենտրոն»-ի հոգեբան Աիդա Առաքելյանի խոսքով՝ հայ կանայք այսօր  ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության: Կա նաև տնտեսական բռնություն, որը կապված է ֆինանսական սահմանափակման հետ.

«Օրինակ` 2015 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ ստացել ենք 2023 զանգ, որից 935-ը եղել են առաջնային զանգեր, այսիքն, կինն առաջին անգամ է բարձրաձայնել իր խնդրի մասին: Առաջնային զանգերի 57 տոկոսը եղել է հոգեբանական, 41-ը՝ ֆիզիկական, իսկ 2 տոկոսը՝ սեռական բռնության  հետ կապված»,-ասաց Աիդա Առաքելյանը՝ հավելելով, որ ֆիզիկական բռնության ենթարկվում են ամուսնու կողմից, հոգեբանական բռնությունը սովորաբար սկսվում է սկեսուրից ու սկեսրայրից:

Փաստաբան Նոնա Գալստյանն էլ նկատեց, որ հայ կանայք  հաճախ տեղյակ չեն իրենց իրավունքներից: Նա ցավով է նշում՝ Հայաստանում չկա ընտանեկան բռնության մասին օրենք.

«Օրենքի նախագիծը կա, տարիներ շարունակ մշակվել է, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, բայց, ցավոք, որևէ գործնական քայլեր չեն արվում: Բայց,  չէ՞ որ ընտանեկան բռնության ենթարկվածը՝ լինի կին, տղամարդ, թե երեխա, իրեն պաշտպանված կզգա,  հետո՝ բռնություն կատարած անձը կպատժվի: Կա ևս մեկ խնդիր՝ գաղտնիությունը, որը հաճախ չի ապահովվում: Օրինակ՝ երբ անհրաժեշտ է լինում գնալ ոստիկանություն, դատարան, կամ՝ երեխայի դպրոցը փոխել, ցավոք, հենց պետական մարմիններն են զոհի գտնվելու վայրը հայտնում բռնություն կատարած անձին»,-նկատեց փաստաբանը:

Նոնա Գալստյանի փոխանցմամբ՝ հայ կանայք հաճախ են 3-րդ, 4-րդ հնարավորությունը փորձում տալ ամուսիններին՝ հուսալով, թե ինչ-որ բան կփոխվի.

«Եվ, ավելի դաժան բռնությունը լինում է այն ժամանակ, երբ զոհը հետ է վերցնում դիմումն ու վերադառնում է ընտանիք: Որպես իրավաբան՝ խորհուրդ եմ տալիս չհանդուրժել բռնությունը»,-հորդորեց փաստաբանը:

Իսկ, թե հնարավո՞ր է նախքան ամուսնանալը պարզել՝ տվյալ անձը բռնության կդիմի, թե՝ ոչ, բանախոսները դժվարացան պատասխանել, բայց կարևորեցին այն, որ եթե նախքան ամուսնանալը լինում են խանդի տեսարաններ, ոչ ադեկվատ սահմանափակումներ, դա պետք է որ ազդակ հանդիսանա:

                                                                                                   Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին