Երեկ` նոյեմբերի 28-ին, Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել կոնֆերանս՝ «Հայ ժողովրդի հայրենատիրության իրավունքները և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռը» թեմայով:
Կոնֆերանսը մեկնարկել է հրապարակախոս, հասարակական գործիչ Բակուր Կարապետյանի զեկույցով: Վերջինիս խոսքով` ապրիլի 24-ը հայկական բոլոր հատվածների համար հիշողության և ոգեկոչման օր է.
«Միաժամանակ այն միասնական գործելու և պահանջատիրության օր է: Որպես նման պահանջատիրության հիմք կարող է ծառայել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը չեղյալ հայտարարման ենթակա չէ»:
Միաժամանակ Բակուր Կարապետյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկա ընթացքին.
«Մենք Բարաք Օբամայից դժգոհում ենք, որ այս բառն այնպես չասեց, ցեղասպանություն բառը չօգտագօրծեց, բայց եթե նա հաստատի Վուդրո Վիլսոնի վճռի վավերականությունը, այդ խնդիրը պատասխան կունենա»:
Միաժամանակ ըստ Բակուր Կարապետյանի` որոշ գիտնականներ համառորեն մերժում են Արևմտյան Հայաստան եզրույթը` պատճառաբանելով, որ միայն Հայաստանի Հանրապետությունը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության պահանջատիրությամբ.
«Կարելի է ասել, որ մոտակա 5-10 տարիների ընթացքում չի սպասվում, որ Հայաստանի Հանրապետությունը կզբաղվի պահանջատիրության խնդրով, այդ պատճառով էլ Վտարանդի կառավարությունը թեկուզ ժամանակավորապես կզբաղվի տվյալ խնդրով: Երբ ՀՀ-ն պատրաստ լինի մենք խնդիրը կփոխանցենք իրենց»:
Տեղակացնենք, որ տվյալ թեմայի վերաբերյալ հանդես եկան նաև այլ զեկուցողներ. կոնֆերանսին ներկա էր նաև ՀՀ-ում Արևմտյան Հայաստանի հյուպատոս Էռնեստ Մարկոսյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան